ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2024 թվական)
Սիրելի՛ ընթերցող
Այս հաշվետվությամբ Կենտրոնական բանկն ամփոփում է անցած՝ 2024 թվականի իր աշխատանքները: Հաշվետվությունն անդրադառնում է ինչպես Կենտրոնական բանկի հանրային քաղաքականության արդյունքներին, այնպես էլ որպես կազմակերպության մեր առաջընթացին: Հաշվետվության կառուցվածքն ածանցվում է Կենտրոնական բանկի ռազմավարությունից, իսկ առանձին բաժիններում ամփոփվում են մեր ռազմավարական արդյունքների ուղղությամբ տարվա ձեռքբերումները: Իհարկե, մեր ոչ բոլոր աշխատանքներն են տեղ գտել հաշվետվության մեջ․ շատերը, որոնք ավելի երկարաժամկետ նպատակներ են հետապնդում, կամփոփվեն հետագայում, երբ դրանց արդյունքները կներկայացնենք հանրությանը:
Կարող ենք ասել, որ տարվա արդյունքներով Կենտրոնական բանկն ամբողջությամբ ապահովել է իրեն վստահված խնդիրների իրականացումը:
2024 թվականի ընթացքում ցածր գնաճային միջավայրի ներքո Կենտրոնական բանկը շարունակել է քաղաքականության տոկոսադրույքի աստիճանական նվազեցումը՝ առաջնորդվելով գնաճը նպատակային ցուցանիշին վերադարձնելու իր տրամաբանությամբ: Տնտեսական աճը կայունացել է իր ներուժային մակարդակին մոտ՝ արտաքին պահանջարկի թուլացման պայմաններում: Գնաճը տարվա վերջում որոշակի վերականգնվել է՝ մոտենալով նախանշված թիրախին:
Հարկ է նշել նաև, որ 2024 թվականին դրամավարկային քաղաքականությունը արդեն իսկ իրականացվում էր նոր ներդրված FPAS MARK II համակարգով, որի շրջանակներում վերանայվել է քաղաքականության մշակման, որոշումների կայացման և հաղորդակցման ամբողջ ընթացքը:
Հատկանշական փոփոխություն և կարևոր ձեռքբերումների արձանագրում էր գնաճի թիրախի վերանայումը, որն այլևս 3 տոկոս է՝ նախկին 4-ի փոխարեն: Վստահ եմ, որ սա անհրաժեշտ քայլ էր գալիք տասնամյակներում մեր քաղաքացիների ապագա բարեկեցությունը ապահովելու, Կենտրոնական բանկի նկատմամբ վստահությունը բարձրացնելու և տնտեսական զարգացմանը նպաստելու տեսանկյունից:
Մեր ֆինանսական համակարգը շարունակել է զարգանալ առաջանցիկ տեմպերով՝ պահպանելով կայունության և ռիսկերի խելամիտ կառավարման բոլոր անհրաժեշտ պայմանները: Բանկային համակարգը բարձր կապիտալացված է ու իրացվելի: Կենտրոնական բանկը շարունակել է կապիտալի հակացիկլիկ շեմի բարձրացումը՝ հնարավոր համակարգային ռիսկերը կառավարելու նպատակով: Կարգավորման և վերահսկողության ոլորտում շեշտը դրված է եղել ֆինանսական համակարգի կազմակերպությունների կորպորատիվ կառավարման որակի բարելավման և ամրապնդման, այդ թվում՝ հիմնականում ռիսկերի կառավարման սեփական համակարգերի ձևավորման և զարգացման վրա, ինչն ապագա կայունության կարևորագույն երաշխիքներից մեկն է:
Կենտրոնական բանկի ներքին բարեփոխումների շարքում կարևոր է առանձնացնել կատարողականի կառավարման համակարգի գործարկումը, որն ուղղված է աշխատանքների համար թիրախների սահմանման և կատարողականի դիմաց արդար գնահատման ապահովմանը: Չափազանց կարևոր էր նաև նախագծային մշակույթի ամրապնդումը, որը համատեղ ջանքը թույլ է տալիս ուղղել ավելի բարդ և երկարաժամկետ խնդիրներ լուծելուն:
Նախորդ տարի մեկնարկել են նաև Կենտրոնական բանկի կառավարման համակարգի փոփոխությունները, որի ընթացքում վերանայվել է որոշումների կայացման ներքին համակարգը՝ կոմիտեները և նրանց աշխատանքների սկզբունքները, ինչպես նաև հանձնարարականների գործընթացը: Արդյունքում ակնկալում ենք ունենալ ավելի արդյունավետ որոշումներ և ավելի արագ գործընթացներ՝ բարձրացնելով բանկի արտադրողականությունը:
Վստահ եմ, որ Կենտրոնական բանկը նաև հետագայում հնարավորություն է ունենալու զարգանալ, մնալ առաջադեմ կառույց և ապահովել իր հիմնական նպատակների իրականացումը ի բարօրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:
Կենտրոնական բանկի 2024 թ. տարեկան հաշվետվությունը՝ կից հղումով