Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2024 թվականի 1-ին եռամսյակ - 2024 թվականի 4-րդ եռամսյակ)

(2024/4) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն 

(2024 թվականի 1-ին եռամսյակ - 2024 թվականի 4-րդ եռամսյակ)    

2024 թվականի ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը. 12-ամսյա գնաճն առաջին եռամսյակում շարունակել է նվազել, իսկ այնուհետև աստիճանաբար ավելացել է՝ երկրորդ կիսամյակից ձևավորվելով դրական տիրույթում: Գնաճի նման վարքագծին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված ազդեցությունները և ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:

 Տարվա ընթացքում դիտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է համախառն պահանջարկի աստիճանական ճշգրտման և  աշխատաշուկայում լարվածության թուլացմամբ: Ստեղծված իրավիճակում, 2024 թ. ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.25 տոկոսային կետով:

Արդյունքում՝ հաշվետու և դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճը 2024 թ. առաջին եռամսյակում շարունակել է նվազել՝ փետրվարին հասնելով իր նվազագույն՝ -1.7% մակարդակին, այնուհետև աստիճանաբար ավելացել է և տարեվերջին կազմել 1.5%: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ցուցաբերել է նմանատիպ վարքագիծ՝ մինչև փետրվար նվազել է՝ կազմելով -0.7%, այնուհետև ավելացել է՝ տարին ավարտելով 0.9% մակարդակով: