2024/4 Դրամավարկային քաղաքականության 2024 թվականի չորրորդ եռամսյակի զեկույց
Համաշխարհային տնտեսություն
2024 թ. 4-րդ եռամսյակում, հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: Մի կողմից՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին մեծապես նպաստում է ներքին սպառման՝ հատկապես ծառայությունների բարձր աճը, մյուս կողմից՝ Չինաստանում նկատվում է տնտեսական ակտիվության աճի դանդաղում՝ պայմանավորված ներքին պահանջարկի թուլացմամբ: Եվրոգոտում տնտեսական աճը, հիմնականում պայմանավորված արտաքին պահանջարկով, փոքր ինչ արագացել է՝ դեռևս ձևավորվելով ցածր մակարդակում: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանում են ակտիվության դանդաղման ռիսկերը:
ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այսպես, չնայած վերջին եռամսյակների ընթացքում շուկայական տոկոսադրույքների ձևավորված բարձր մակարդակներին, սպառումը ԱՄՆ-ում շարունակում է աճել արագ տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական աճի պահպանմանը: 2024 թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է մոտ 2.8% տնտեսական աճ, որին շուրջ 2.5 տոկոսային կետով նպաստել է համախառն սպառման աճը: Զուգահեռաբար, ֆինանսական ակտիվների գները շարունակում են աճել՝ ստեղծելով առաջիկայում ևս սպառման բարձր մակարդակի պահպանման ռիսկեր։ Այս պայմաններում, թեև ընդհանուր գնաճը աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս պահպանվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Որոշակիորեն մեծացել են ռիսկերը, հատկապես միջնաժամկետ հատվածում, հարկաբյուջետային քաղաքականության առավել խթանող դիրքի ձևավորման տեսանկյունից: Սա ևս մեկ մարտահրավեր է դրամավարկային քաղաքականության համար, ոչ միայն կարճաժամկետ գնաճային ազդեցությունների, այլև, պարտքային բեռի ավելի բարձր հետագծի ձևավորման պարագայում, չեզոք տոկոսադրույքի վրա ազդեցության համատեքստում: Վերոնշյալ զարգացումները շարունակում են որոշակի խնդիրներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:
Մյուս կողմից՝ դեռևս խիստ դրամավարկային և վարկավորման պայմանների միջավայրում պահպանվում են աշխատաշուկայի հետագա, անցանկալի թուլացման ռիսկերը, որոնք, այնուամենայնիվ, վերջին շրջանում որոշակիորեն թուլացել են: Այս պարագայում, հաշվի առնելով մի կողմից՝ տնտեսության և աշխատաշուկայի պայմանների արագ ճշգրտման և մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում հիմնական անորոշությունը
վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման արագությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:
Եվրոպական կենտրոնական բանկը 2024 թ. հոկտեմբերին, ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ, նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 3.4%։ Թեև ծառայությունների ոլորտը՝ արտաքին պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված, նպաստել է վերջին շրջանում տնտեսական աճի որոշակի վերականգնմանը, սակայն աճի հեռանկարները և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ուղղությամբ, մնում են մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է՝ ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը պահպանվում է բարձր մակարդակում՝ արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա պարունակում է էական մարտահրավեր՝ ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գների կայունության նպատակի ապահովման տեսանկյունից:
Եվրոգոտում և Չինաստանում թույլ ներքին պահանջարկի պահպանման ռիսկերը մնում են համաշխարհային տնտեսության ավելի թույլ հեռանկարի վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:
Ռուսաստանում տնտեսական բարձր աճը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում, ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը, լարված աշխատանքի շուկայի պայմաններում, կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, չնայած Ռուսաստանի ԿԲ-ի կողմից քաղաքականության պայմանների զգալի խստացմանը, գնաճի կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց դեռևս չի նկատվում։ Մյուս կողմից՝ ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները, դրամավարկային պայմանների զգալի խստացման միջավայրում, որոշակի ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում պարենային ապրանքների գները հոկտեմբերին ևս որոշակիորեն աճել են՝ հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, և ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Այդուհանդերձ, ապրանքահումքային շուկաների միջնաժամկետ զարգացումների շուրջ զգալի անորոշությունը պահպանվում է: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների խաթարումների վերաբերյալ: Մյուս կողմից՝ համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում, կարող են արձանագրվել գնանկումային ճնշումներ:
Ներքին պահանջարկի պայմաններ
2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը շարունակել է դանդաղել՝ ձևավորվելով գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին մոտ՝ տ/տ 5.2%: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Հարկ է նշել, որ տնտեսական աճի դանդաղմանը զուգընթաց թուլացել է նաև կենտրոնացվածությունը: Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված համախառն առաջարկի և համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի ճշգրտմամբ: Տնտեսական ակտիվության արագացում է նկատվում մշակող արդյունաբերության որոշ «ավանդական», օրինակ, սննդի և ծխախոտի արդյունաբերության ենթաճյուղերում։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի հեռանկարների վերաբերյալ ռիսկերը, պայմանավորված կարողությունների աճի թույլ տեմպերով, պահպանվում են:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության և ծառայությունների բարձր աճերը վկայում են ներքին բարձր պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում: Մյուս կողմից՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը վկայում են համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են նաև ներքին պահանջարկի հեռանկարի հետ կապված անորոշությունները: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման և, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:
Աշխատանքի շուկա և գնաճ
Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ 2024 թ-ի 2-րդ եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների՝ գործազրկության մակարդակը կազմել է 13.8%, որը շուրջ 2 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշից: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տեղի է ունեցել զբաղվածների թվի նվազման, այլ ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման հաշվին: Սա համահունչ է նաև ընթացիկ տարում օտարերկրյա աշխատողների որոշակի արտահոսքի և աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղման հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում մոտ 34 հազարով: Դա վկայում է տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:
Վերջին ամիսներին նկատվել է մասնավոր հատվածի աշխատավարձերի աճի որոշ արագացում, սակայն այն դեռևս ձևավորվում է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակներից ցածր: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ընդլայնումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարների շուրջ բարձր անորոշության և ռուբլու ընթացիկ արժեզրկման պայմաններում դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային ինտեգրման հնարավորության հետ:
2024 թ-ի երրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող դեռևս գնանկումային միջավայրով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի նոյեմբերին կազմելով 1.4%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ հոկտեմբերին կազմելով տ/տ 2.5%: Միջազգային շուկայում պարենի գների աճը դեռևս ոչ ամբողջությամբ է արտացոլվել ներքին գներում: Միաժամանակ, շարունակվում է ներմուծվող ոչ պարենային ապրանքների գնանկումը, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսությունում արձանագրվող արտադրողների գների շարունակական անկմամբ: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի թուլացման հետ կապված, որոշ ծառայությունների գնաճը շարունակել է դանդաղել: Այս պայմաններում գնաճային սպասումները շարունակել են նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին: Վերոնշյալի մասին են վկայում ինչպես երկար ժամանակ պահպանվող ցածր գնաճային միջավայրը, այնպես էլ տնային տնտեսությունների շրջանում անցկացվող հարցումները:
Դրամավարկային քաղաքականություն
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է վերև: Սա կարող է պայմանավորված լինել ինչպես որոշ կարճաժամկետ գործոնների, այնպես էլ ներքին պետական պարտքի մակարդակի՝ սպասումների համեմատ ավելի արագ աճի, վարկավորման (այլընտրանքային ներդրումներ) նկատմամբ ընթացիկ բարձր պահանջարկի պահպանման և արտաքին աշխարհում, մասնավորապես ԱՄՆ տնտեսությունում տոկոսադրույքների՝ նախկին սպասումների համեմատությամբ ավելի աստիճանական նվազման և այլ գործոնների ազդեցությամբ: Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:
Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը վերջին ամիսների ընթացքում որոշակիորեն նվազել և պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկարարաժամկետ կայուն մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, վերջինս պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական՝ այդ թվում՝ սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վեր վերանայման տեսանկյունից, ինչը այլ հավասար պայմաններում առավել խթանող ԴՎՔ դիրքի պայմաններում պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:
ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Սույն զեկույցում ներկայացված տիպային Ա սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր ուղեգիծ) հիմքում այն դատողություններն են, որ ՀՀ-ում դեռևս ներուժային մակարդակից բարձր, հիմնականում ներքին պահանջարկի ընդլայնմամբ շարժվող տնտեսական աճի պահպանումը կարող է ենթադրել, որ ավելցուկային պահանջարկի պայմանները ՀՀ-ում դեռևս պահպանվում են։ Մյուս կողմից, մասնավոր հատվածում կուտակված բարձր խնայողությունները, տնտեսության վարկավորման բարձր աճը և սպասվող բարձր պահանջարկը, ինչպես նաև արտահանման դրական զարգացումներից ածանցվող եկամուտների աճը կարող են առաջիկայում ևս նպաստել մասնավոր ծախսումների աճի արագացմանը: Ի լրումն վերոնշյալ բաղադրիչների, հարկաբյուջետային քաղաքականության սպասվածի համեմատ ավելի խթանող դիրքի ձևավորումը ներքին պահանջարկի ընդլայնման ուղղությամբ մեկ այլ, առարկայական ռիսկ է: Հարկ է նաև նշել, որ պարտքի բեռի՝ սպասումների համեմատությամբ ավելի արագ աճը՝ որոշակի ռիսկեր է պարունակում նաև երկրի ռիսկ-հավելավճարի ավելացման, և հետևաբար չեզոք տոկոսադրույքի վերանայման ուղղությամբ։ Այս պարագայում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ուղին կարող է ունենալ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի խիստ դիրք՝ հաշվի առնելով ներքին բարձր պահանջարկի ձևավորման և համապատասխան գնաճային ռիսկերը:
Սույն զեկույցում ներկայացված տիպային Բ սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր ուղեգիծ) հիմքում ընկած են անշարժ գույքի առաջնային շուկայում ձևավորված հավանական գերառաջարկի պայմաններում գների բնականոն, աստիճանական ճշգրտման՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության չափի շուրջ անորոշությունները: Այս ճշգրտումը կարող է արտահայտվել թե շինարարության տեմպերի, թե անշարժ գույքի գների և վարձավճարների նվազմամբ՝ ներքին պահանջարկի և գնաճային միջավայրի վրա համապատասխան ազդեցություններով: Հարկ է նաև նշել, որ ներկայումս արդեն նկատվում են որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հատկապես Երևան քաղաքում շինարարության ծավալների առաջիկա կրճատման մասին: Նման իրավիճակում, ԿԲ-ն կնախընտրի շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել կտրուկ նվազման ուղի՝ միջնաժամկետում պահանջարկը խթանելու և գնաճը թիրախին մոտեցնելու նպատակով: