Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2023 թվականի 4-րդ եռամսյակ - 2024 թվականի 3-րդ եռամսյակ)
(2024/3) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2023 թվականի 4-րդ եռամսյակ - 2024 թվականի 3-րդ եռամսյակ)
2023 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2024 թվականի 4-րդ եռամսյակն ընկած 1 տարվա ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը. առաջին հատվածում 12-ամսյա գնաճը նվազել է, իսկ երկրորդ կեսին որոշ չափով աճել՝ ժամանակահատվածի վերջին գտնվելով դրական տիրույթում: Գնաճի նման վարքագծին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:
Պահանջարկի աստիճանական ճշգրտման պայմաններում աշխատաշուկայում լարվածությունը շարունակել է թուլանալ, այդ թվում՝ նաև աշխատուժի առաջարկի ավելացման արդյունքում: Վերոնշյալ զարգացումներն արտահայտվել են աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմամբ: Ստեղծված իրավիճակում, դիտարկվող ժամանակահատվածում, ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.25 տոկոսային կետով:
ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում, 12-ամսյա գնաճը մինչև 2024 թ․ փետրվար շարունակել է նվազել՝ փետրվարին կազմելով -1.7%, այնուհետև ավելացել է և սեպտեմբերին կազմել 0.6%: Նույն վարքագիծն է ցուցաբերել նաև 12-ամսյա բնականոն գնաճը. նշված ժամանակահատվածում նվազել է և փետրվարին կազմել -0.7%, այնուհետև ավելացել է՝ սեպտեմբերին կազմելով 0.7%: