ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2023 թվական)
Հարգելի՛ ընթերցող
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում մեր հաղթահարած մարտահրավերները, ձեռքբերումները և այն փոփոխությունները, որոնք ձեռնարկել ենք ավելի լավ Կենտրոնական բանկ ունենալու համար: Այս տարվա հաշվետվության մեջ փորձել ենք ամփոփել ռազմավարությամբ նախանշված անելիքները, որը մեր առաջին փորձն է:
Չնայած տարվա ընթացքում առաջացած խնդիրներին՝ Կենտրոնական բանկը վստահորեն ապահովել է իր նպատակների իրականացումը։
2023 թվականի երկրորդ կեսից՝ իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցության ներքո, գնաճը արագորեն նվազեց։ Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արտաքին միջավայրի և պահանջարկի հնարավոր զարգացումները, որդեգրեց դրամավարկային քաղաքականության աստիճանական թուլացման քաղաքականություն։ 2024 թվականը Հայաստանի տնտեսության համար նշանավորվեց ցածր գնաճով և բարձր տնտեսական աճով, ինչը զգալիորեն նպաստեց հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Դրամավարկային քաղաքականության՝ կանխատեսման և վերլուծական լավագույն համակարգ ունենալու նպատակով տարվա ընթացքում շարունակել ենք մշակել կանխատեսումների և քաղաքականության վերլուծության 2-րդ սերնդի համակարգը (FPAS MARK II): Այս համակարգի միջոցով փորձելու ենք գնալ ավելի թափանցիկ, հստակ քայլերի հաջորդականությամբ ուղեգծած ճանապարհով, ներկայացնել սցենարային մտածողությունը, բացատրել մեր կայացրած որոշումների տրամաբանությունը: Սա հնարավորություն կտա մեզ ցանկացած պարագայում, անկախ զարգացումներից, լինելու պատրաստ և հետևողական՝ իրագործելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության ապահովման նպատակը:
Ֆինանսական կայունության տեսանկյունից կարող ենք փաստել, որ բանկային համակարգը՝ ֆինանսական համակարգի խոշորագույն հատվածը, 2023 թվականը ամփոփել է կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներով՝ երաշխավորելով համակարգի դիմակայունությունը հնարավոր ցնցումների նկատմամբ: Առաջնորդվելով նոր մոտեցումների ներդրմամբ՝ դեռևս տարեսկզբին մշակել ենք կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման ընդհանուր մեթոդաբանություն: Դա ուղղված է դինամիկ և ապագային միտված մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմքերի ամրապնդմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի թափանցիկության աստիճանի բարձրացմանը: Բացի այդ՝ կարևոր փոփոխություններ են իրականացվել նաև կարգավորման դաշտում և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրման գործընթացում։
Մեր ներքին կարողությունների զարգացման առումով, ձգտում ենք լինել ինքնակրթվող և առաջատար կառույց, պարտավորվել ենք ներդնել մեր լավագույն ջանքերը՝ ներկայիս արագ փոփոխվող աշխարհին համընթաց քայլելու համար։ Այս մոտեցման համատեքստում մեկնարկել ենք ներքին վերափոխման ծրագիրը, որն անդրադառնում է մեր աշխատանքային միջավայրի բոլոր կողմերին՝ նպատակ ունենալով ձևավորելու նոր որակի կազմակերպություն՝ ի բարօրություն մեր հասարակության։ 2024 թվականի ընթացքում արդեն ներդրել ենք ներքին հաղորդակցման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, նախագծվել են կատարողականի կառավարման և կոլեգիալ որոշումների կայացման համակարգերը։
2023 թվականը Կենտրոնական բանկի համար հոբելյանական էր, քանի որ նշում էինք ազգային դրամի՝ մեր պետականության խորհրդանիշներից մեկի 30-ամյակը։ Հետադարձ հայացք գցելով անցած ուղուն՝ չափազանց հպարտ ենք, որ Կենտրոնական բանկի աշխատակիցների երկարամյա աշխատանքը տալիս է իր արդյունքը, և այսօր Հայաստանի քաղաքացիներն ունեն ապահով, անվտանգ և հարմար վճարամիջոց՝ իրենց առօրյա գործարքների կատարման համար։
Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:
Շնորհակալություն