Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2019թ.

Հարգելի ընթերցող.

Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» տարեկան պարբերականը, որը նվիրված է 2019թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներին:
Տարին առանձնահատուկ էր մեր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող պատմական մի շարք իրադարձություններով և հայ անվանի անհատների հոբելյանական տարեդարձերով, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ կենտրոնական բանկի թողարկումներում:
2019թ. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամներ` ի նշանավորումն հայ ազգի մեծ նվիրյալներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա տարեդարձերի: Այդ հոբելյանները, հիրավի, ունեն ոչ միայն ազգային, այլև համամարդկային մեծ հնչեղություն ու նշանակություն: 19-րդ դարի վերջի - 20-րդ դարասկզբի այս մեծանուն գործիչներն իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հայ մշակույթի պատմության մեջ` գրականության և երաժշտության ոլորտներում ունեցած հաջողությունների և վաստակի շնորհիվ: Հայ ժողովրդի համար ծանրագույն քաղաքական ու սոցիալական պայմաններում նրանք դարձել են հայ ոգու վերապրումի և հաղթանակի խորհրդանիշներ:
2019 թ. հոբելյանական թողարկումներից են բարերար Գալուստ Գյուլբենկյանի և նկարիչ Վարդան Մախոխյանի 150-ամյա ու Ծովակալ Իսակովի 125-ամյա տարեդարձերին նվիրված հուշադրամները: Դրանք հնարավորություն են ընձեռում ոչ միայն լայնորեն լուսաբանելու (հուշադրամներին կից եռալեզու բուկլետների միջոցով) հայ նվիրյալների ներդրումը մայր հայրենիքի տնտեսական ու մշակութային զարգացման գործում, խաղաղությանն ու երկրի բարօրությանն ուղղված ջանքերը, այլև հավերժացնելու նրանց համբավը միջազգային ասպարեզում:
Տարին առանձնահատուկ էր նաև Եվրասիական տնտեսական միության 5-ամյա հոբելյանով: Այս իրադարձության առթիվ թողարկվել է «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» գեղեցիկ հուշադրամը` նշանավորելով 5 տարիների ընթացքում անդամ պետությունների ձեռքբերումները տնտեսական կապերի ընդլայնման և միասնական տնտեսական քաղաքականության ամրապնդման գործում:
2019թ. նշվեցին նաև համազգային կրթական և մշակութային նշանակություն ունեցող հաստատությունների` Հայաստանի դարավոր պատմության ու մշակույթի անխոս վկա Հայաստանի պատմության թանգարանի և Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանները:
ՀՀ կենտրոնական բանկը ձեռնարկեց այդ կարևոր իրադարձություններին նվիրված հուշադրամների թողարկումը:
Ուշագրավ է, որ թողարկումների շարքում տեղ գտավ «Կովկասյան ընձառյուծի տարի» հուշադրամը, որն ամրագրեց այդ հազվագյուտ կենդանու վերադարձը Հայաստանի Հանրապետության Խոսրովի անտառ-արգելոց: Հնամենի բնակության վայրում ընձառյուծի կրկին հայտնվելը դարձավ Հայաստանի չքնաղ բնության ու կենդանական աշխարհի յուրօրինակ խորհրդանիշը:
Խոսքս կցանկանայի ավարտել ուրախալի իրադարձության հավաստմամբ. 2019թ.
Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն» 13-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018թ. թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում արժանացել է պատվավոր մրցանակի:
Այս հերթական մրցանակը, ինչպես և 2019թ. թողարկումների որակն ու գեղարվեստական բարձր մակարդակը, անկասկած, ՀՀ հուշադրամների թողարկումը համակարգող աշխատակիցների միասնական և արհեստավարժ աշխատանքի վառ ապացույցն են:


Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2019թ.

.