2024/1, Դրամավարկային քաղաքականության 2024 թվականի առաջին եռամսյակի զեկույց
Տնտեսական իրավիճակի ամփոփագիր
Համաշխարհային տնտեսություն - 2023 թ-ի 2-րդ կիսամյակում, չնայած գործընկեր երկրներում ոչ միանման տնտեսական զարգացումներին, համաշխարհային տնտեսությունում պահպանվել են ակտիվության դանդաղման ռիսկերը: ԱՄՆ-ում և ՌԴ-ում, չնայած դրամավարկային մարմինների կողմից վարվող զսպող դրամավարկային քաղաքականությանը, տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանվել են: Եվրոգոտու տնտեսության՝ ռեցեսիայի շեմին գտնվելու ռիսկերը, ինչպես նաև Չինաստանի դանդաղող տնտեսական աճի պարագայում ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ մտահոգությունները շարունակում են մնալ համաշխարհային տնտեսության ավելի թույլ հեռանկարների հիմնական, մտահոգիչ աղբյուրները: Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր պարունակել էներգակիրների համաշխարային գների աճի տատանողականությամբ և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից:
Համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը շարունակել է թուլանալ: Այնուամենայնիվ, տարբեր երկրներում աշխատաշուկայի գերտաքացած պայմանները նպաստել են բարձր պահանջարկի պահպանմանը, որի արդյունքում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները շարունակել են գտնվել բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրներում դրամավարկային քաղաքականության խիստ պայմանները կպահպանվեն: Այս իրավիճակում, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն։
Ներքին թողարկում - 2023 թ. 4-րդ եռամսյակում տնտեսական աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի գնահատականից (5%-ի շուրջ) բարձր մակարդակում (տ/տ 7.8%): Արևտրի և շինարարության ճյուղերի բարձր աճերը շարունակում են մնալ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը: Նույն միտումները պահպանվել են նաև հունվար ամսին (ՏԱՑ՝ տ/տ 10.7%): Այնուամենայնիվ, տնտեսական աճի կառուցվածքի և որոշ ենթաճյուղերում կենտրոնացվածության միտումները տնտեսական աճի կայունության վերաբերյալ որոշակի ռիսկեր են առաջացնում: Չնայած անորոշությունների պահպանմանը, տնտեսությունում համախառն պահանջարկի և առաջարկի միջև անհաշվեկշռվածությունը հետևողականորեն փոքրացել է։
Աշխատանքի շուկա և գնաճ - Բարձր տնտեսական աճի և համախառն պահանջարկի պայմաններում, աշխատաշուկայից բխող ճնշումները, թեև որոշակի թուլացմանը, պահպանվել են բարձր մակարդակներում: Նախորդ եռամսյակների համեմատությամբ աշխատաշուկայի գերլարվածությունը որոշակիորեն թուլացել է: Արդյունքում, մասնավոր աշխատավարձերի աճի տեմպը որոշակիորեն թուլացել է (4-րդ եռամսյակում տ/տ 7.9%, իսկ 2024 թ-ի հունվարին տ/տ 6.0%)՝ պայմանավորված աշխատուժի առաջարկի աճով: Աշխատուժի առաջարկի հետագա հնարավոր աճը (դեպի ՀՀ աշխատանքային միգրանտների ներհոսք, ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրում աշխատանքի շուկային և այլն) կարող է որոշ չափով մեղմել աշխատաշուկայի պայմանները՝ միջնաժամկետում և երկարաժամկետում թուլացնելով նաև աշխատաշուկայից բխող գնաճային ճնշումները:
Գնաճային միջավայրը շարունակել է մեղմվել՝ պայմանավորված համաշխարհային տնտեսությունից ածանցվող գնաճային ճնշումների թուլացմամբ և ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ: Այս համատեքստում, 2023 թ-ի ապրիլից սկսած 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թ-ի փետրվարին կազմելով -1.7%: Ոչ արտահանելի կոշտ գների աճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ 2024 թ-ի հունվարին կազմելով տ/տ 3.0%: Միևնույն ժամանակ, արտաքին պահանջարկով պայմանավորված ծառայությունների գնաճը նվազում է:
Դրամավարկային քաղաքականություն - ԴՎՔ զեկույցի մեջ ներկայացված տիպային Ա սցենարի (որտեղ ենթադրվում է շուկայի սպասումներից ավելի բարձր քաղաքականության տոկոսադրույք) հիմնական շարժառիթը առավել բարձր և արմատացած գնաճային սպասումների ռիսկերն են, որոնք կարող են քողարկված լինել ցածր գնաճով և միջնաժամկետ հորիզոնում գների կայունության տեսանկյունից ներկայացնել լուրջ ռիսկեր: Վերոնշյալ սցենարի պարագայում, համեմատաբար ցածր իրական տոկոսադրույքները կարող են նվազեցնել խնայելու շարժառիթները և խթանել սպառումը՝ ավելացնելով տնտեսությունում պահանջարկի ճնշումները: Այսպիսի զարգացումները կարող են հանգեցնել գնաճի արագացմանը, և ներկայիս գնանկումային պայմանների աստիճանական վերացմանը: Նման սցենարում, գնաճային սպասումների խարսխման և գների կայունության երաշխավորման նպատակով, դրամավարկային քաղաքականությունը պետք է արձագանքի շուկայի սպասումների համեմատությամբ առավել կոշտ դիրքորոշմամբ:
ԴՎՔ զեկույցի մեջ ներկայացված տիպային Բ սցենարի (որտեղ ենթադրվում է շուկայի սպասումներից ավելի ցածր քաղաքականության տոկոսադրույք) հիմնական շարժառիթը աշխատաշուկայի հնարավոր ընդլայնման ու աշխատուժի ավելցուկային առաջարկի հետ կապված ռիսկերն են: Այս սցենարը ենթադրում է, որ աշխատանքի շուկայում 2023 թ-ի ընթացքում նկատված միտումները (այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության աստիճանական ինտեգրում աշխատանքի շուկային, Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսք, աշխատուժ մասնակցության աճ և այլն) կշարունակվեն արագացված տեմպերով, ինչը կհանգեցնի աշխատուժի առաջարկի աճի՝ ավելացնելով ներուժային ՀՆԱ-ն և նվացեզնելով աշխատավարձի աճի վրա ճնշումները: Նման սցենարում չափազանց մեծ են գնանկումային ճնշումները և, աշխատավարձերի նվազման, միջնաժամկետ հորիզոնում գնաճը կայուն կերպով թիրախին մոտեցնելու նպատակով, պետք է նախանշել շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել արագ և մեծ քայլով նվազեցման ուղեգիծ: