Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (1-ին եռամսյակ 2023 թվական-4-րդ եռամսյակ 2023 թվական)

(2023/4) 2023 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2024 թվականի 1-ին եռամսյակն ընկած 1 տարվա ընթացքում ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է: 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է տարվա առաջին կեսին՝ երկրորդ կիսամյակից ձևավորվելով զրոյական մակարդակի շուրջ: Գնաճային նման զարգացումներին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումների զգալի թուլացումը և տարեվերջին անգամ թույլ գնանկումային ազդեցությունները, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:

Հաշվի առնելով մի կողմից՝ զգալիորեն դանդաղող 12-ամսյա գնաճը, իսկ մյուս կողմից՝ դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների գործոնները, 2023 թ․ առաջին կիսամյակում՝ մինչև հունիս, ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ: Հունիսից մինչև տարեվերջ, արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների փոխանցման հետևանքով գնաճի շարունակական նվազման և ներքին տնտեսությունում աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումների որոշակի չեզոքացման պարագայում, ԿԲ-ն աստիճանաբար թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.5 տոկոսային կետով:

Արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունների և ԿԲ-ի կողմից իրականացված զսպողական դրամավարկային քաղաքականության արդյունքում հաշվետու ժամանակահատվածում թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճն արագ տեմպերով նվազել է: Այսպես` 12-ամսյա գնաճը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 9 տոկոսային կետով և 2023 թ․ վերջին կազմել է -0.6%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է շուրջ 10 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով -0.4%: Այնուամենայնիվ, դիտարկվող ժամանակահատվածում, ՀՀ-ում պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում, ծառայությունների և որոշ ապրանքների գները ճշգրտվել են համեմատաբար դանդաղ տեմպերով: