ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2022 թվական)
ՈԻՂԵՐՁ
Հարգելի՛ ընթերցող
Ներկայացնում ենք Տարեկան հաշվետվությունը, որը 2022 թվականի խնդիրների, դրանց հաղթահարման ուղղությունների և մեր ձեռքբերումների մասին է։
2022 թվականը տատանումներով ու մարտահրավերներով լի տարի էր՝ հատկապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության տեսանկյունից։ Այնուամենայնիվ, արձանագրված արդյունքներով կարող ենք փաստել, որ տարին շատ դրական է եղել մեր տնտեսության զարգացման առումով։
Պայմանավորված համաշխարհային ապրանքահումքային շուկաների գնաճով և զարգացած երկրներում գնաճի կտրուկ արագացմամբ՝ 2022 թվականի սկիզբին դրսևորվեցին գնաճային նոր ցնցումներ, սակայն Կենտրոնական բանկին հաջողվեց գնաճի զարգացումները պահպանել կառավարելի տիրույթում՝ ապահովելով գների կայունությունը երկրում։ 2022 թվականին Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն նաև նախաձեռնել է դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման համակարգի վերանայումը՝ անցնելով ռիսկերի կառավարման մոտեցմանը: Հարկ եմ համարում նշել, որ Կենտրոնական բանկն առաջինն է, որ այս մոտեցումը ինստիտուցիոնալ հենքի վրա ներդնելու որոշում է կայացրել: Սա գների կայունությունն ավելի արդյունավետ ապահովելու, ինչպես նաև մեր հաղորդակցումը հասարակության հետ զգալիորեն բարելավելու հնարավորություն է ընձեռում:
Ֆինանսական կայունությունը 2022 թվականին նույնպես բախվեց որոշակի խնդիրների: Տարեսկզբից արտաքին կապիտալի ներհոսքի կտրուկ արագացումը, ֆինանսական ծառայությունների նկատմամբ ոչ ռեզիդենտների պահանջարկի բազմակի աճը ֆինանսական համակարգը կանգնեցրին դժվար երկընտրանքի առջև. բավարարել աճող պահանջարկը՝ միաժամանակ ապահովելով համապատասխանելիության միջազգային պահանջները։ Կենտրոնական բանկի վարած զգուշավոր քաղաքականության ներքո հնարավոր եղավ անցնցում կառավարել ֆինանսական համակարգի ռիսկերը և նույնիսկ ձևավորել լրացուցիչ անվտանգության բարձիկներ՝ ապագա հնարավոր ցնցումների հաղթահարման համար։
Կարևորելով Հայաստանի կապիտալի շուկային նոր լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը՝ սկսեցինք համագործակցությունը Վարշավայի ֆոնդային բորսայի հետ, որն արդյունքում ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Ակնկալում ենք, որ Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքը տեղական կապիտալի շուկա կձևավորի նոր մշակույթ, կստեղծի նոր հնարավորություններ և կխթանի Հայաստանի կապիտալի շուկայի և դրա ենթակառուցվածքի զարգացումը։ Մենք հավատում ենք, որ սա շատ կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։
Տարվա ընթացքում մեզնից մեծ ջանք է պահանջվել՝ բարձրացնելու անկանխիկ վճարումների հարմարավետության մակարդակը։ Կարող ենք փաստել, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունման և մեր աշխատանքի արդյունքում անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնման շրջանակում ապահովել ենք մեր քաղաքացիների հարմարավետ անկանխիկ վճարումները բոլոր սպառողական ենթակառուցվածքներում։ Անկանխիկ վճարումների արագ, ապահով և հարմար իրականացումը կարևոր հանրային բարիք է մեր հասարակության համար, և մենք հետևողական ենք լինելու այդ գործընթացը լավագույնս ապահովելու հարցում:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակել ենք Դիլիջանում մեր նախաձեռնությունները, և այժմ Հայաստանը գլխավորում է Ֆաբակադեմիայի տարածաշրջանային ուսումնական կենտրոնը։ Կենտրոնը հնարավորություն կտա գիտելիքի բոլոր ոլորտներում կիրառելու թվային արտադրության գիտությունը՝ Ֆաբակադեմիան։ Կարծում ենք՝ Դիլիջանի համար սա տեղական մակարդակում խնդիրները լուծելու և համայնքը վերափոխելու միջոց է, քանի որ ստեղծվել է ապահով վայր բոլոր տարիքի և ծագման մարդկանց համար՝ հավաքվելու, սովորելու, գիտելիքները փոխանցելու, ստեղծագործելու համար:
Մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների համար պարտական ենք մեր աշխատակիցներին, քանի որ միայն նրանց ջանքերի շնորհիվ ենք կարողանում իրականացնել մեր լավագույն երազանքը։ Մեր մարդկային կապիտալի համալրման և ուսանողներին ԿԲ-ում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար այս տարի մեկնարկեց Երիտասարդ մասնագետների ծրագիրը, որի իրագործման արդյունքում Կենտրոնական բանկում աշխատանքի անցան մեծ թվով երիտասարդներ, ովքեր իրենց տեսակետները, գիտելիքներն ու հմտությունները կկարողանան զարգացնել և կիրառել առօրյա աշխատանքում՝ հօգուտ իրենց և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան