Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռամսյակ 2022 թվական - 3-րդ եռամսյակ 2023 թվական)

(2023/3) 2022 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2023 թվականի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է: Դրան հիմնականում նպաստել է արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների թուլացումը, ինչպես նաև ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը: Մասնավորապես, 2022 թ. վերջից միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվել է պարենի և էներգակիրների գների էական նվազում՝ հիմնականում պայմանավորված առաջատար երկրների ԿԲ-ների իրականացրած զսպողական դրամավարկային քաղաքականությամբ:

Ելնելով դեռևս պահպանվող բարձր գնաճային սպասումներից և առկա գնաճային ռիսկերի կառավարման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԲ-ն 2022 թ. չորրորդ եռամսյակում շարունակել է վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 0.75 տոկոսային կետով: 2023 թ․ առաջին կիսամյակում՝ մինչև հունիս, հաշվի առնելով մի կողմից՝ զգալիորեն դանդաղող 12-ամսյա գնաճը, իսկ մյուս կողմից՝ դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների գործոնները, ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ: Հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների փոխանցման պայմաններում գնաճի արագ տեմպերով նվազման և ներքին տնտեսությունում գնաճային գործոնների որոշակի չեզոքացման պարագայում, ԿԲ-ն թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.0 տոկոսային կետով:

Արդյունքում՝ արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունների և ԿԲ-ի կողմից իրականացված զսպողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ հաշվետու ժամանակահատվածում թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը արագ տեմպերով նվազել է: Այսպես` 12-ամսյա գնաճը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 10 տոկոսային կետով և 2023 թ․ սեպտեմբերի վերջին կազմել է 0.1%: Այնուամենայնիվ, դիտարկվող ժամանակահատվածում, ՀՀ-ում պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում, ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվել է համեմատաբար դանդաղ տեմպերով: