Գնաճի հաշվետվություն 2023/3 (Դրամավարկային քաղաքականության 2023թ. երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023թ. երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն

Համառոտագիր

 2023 թ. երրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվում է ցածր տնտեսական ակտիվություն, ինչպես նաև էականորեն ավելացել են դրա նվազման ռիսկերը: Տնտեսության նման զարգացումների և իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը շարունակել է զգալիորեն մեղմվել: Այդուհանդերձ, աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումների և պահպանվող բարձր պահանջարկի ազդեցությամբ «կոշտ» գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են բարձր: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:

ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը եռամսյակի ընթացքում որոշ չափով դանդաղել է, այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է բարձր մակարդակում՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Չնայած որոշակի նվազմանը, համեմատաբար բարձր է մնում նաև համախառն պահանջարկը, որին նպաստում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պահանջարկի պահպանվող բարձր աճը: Միաժամանակ, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնանկումային ազդեցությունների, ՀՀ ԿԲ իրականացրած զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում ՀՀ-ում գնաճը շարունակել է նվազել: Այդուհանդերձ, ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով։

Ընդհանուր առմամբ, առկա անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկը դրանցից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով կառուցում և քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնցից մեկը ներկայացված է սույն ծրագրում:

2023 թվականի երրորդ եռամսյակում պահպանվող ցածր գնաճային միջավայրում 12-ամսյա գնաճը օգոստոսի վերջի դրությամբ կազմել է -0.2%: ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ առաջիկայում ակնկալվում է 12-ամսյա գնաճի՝ նպատակայինից ցածր մակարդակի պահպանում: Դա հիմնականում պայմանավորված կլինի միջազգային շուկաներից փոխանցվելիք գնանկումային ազդեցություններով և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ՝ չնայած պահպանվող համեմատաբար բարձր պահանջարկի պայմաններում մի շարք ծառայությունների ու ապրանքների գնաճի ճշգրտման դանդաղ տեմպերին: Նման իրավիճակում Կենտրոնական բանկն այս փուլում նպատակային է համարել համեմատաբար ավելի մեծ քայլով թուլացնել դրամավարկային պայմանները՝ միաժամանակ պահպանելով հետևողականությունը գնաճի վերջնական կարգավորման հարցում:  

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 12-ամսյա գնաճը միջնաժամկետում աստիճանաբար կավելանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, որին կշարունակի հիմնականում նպաստել ծառայությունների ու շինարարության ճյուղերի սպասվող բարձր աճը: Նշվածից ելնելով՝ 2023 թվականի տնտեսական աճը գնահատվում է 7.2%:

Միջնաժամկետ հորիզոնում տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի՝ պայմանավորված պահանջարկի աճի դանդաղմամբ և քաղաքականության իրագործման հորիզոնի վերջում կմոտենա իր երկարաժամկետ կայուն մակարդակին` 4.6%-ին

Ներկայացված սցենարում քաղաքականության 3 տարվա հորիզոնում գնաճի և տնտեսական աճի նախանշված ուղեգծերից շեղման հավանականային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը։