Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (3-րդ եռ. 2022 թ. – 2-րդ եռ. 2023 թ.)

(2023/2)

2022 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2023 թվականի 2-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է: Այսպես` 2022 թ. երկրորդ կիսամյակում, չնայած ընդհանուր գնաճի որոշակի նվազող վարքագծին, այն դեռևս պահպանվել է բարձր մակարդակում, ինչին հիմնականում նպաստել են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դեպի Հայաստան միջազգային այցելուների և ֆինանսական միջոցների մեծածավալ ներհոսքի պայմաններում ձևավորված համախառն բարձր պահանջարկը և գնաճային սպասումները: 2022 թ. վերջից առաջատար երկրների ԿԲ-ների իրականացրած զսպողական դրամավարկային քաղաքականության պայմաններում 2023 թ․ առաջին կիսամյակում միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվել է պարենի և էներգակիրների գների էական նվազում, ինչը մի շարք ներմուծվող ապրանքների միջոցով փոխանցվել է ՀՀ ներքին գներին: Միաժամանակ, ֆինանսական մեծ ներհոսքի ազդեցությամբ, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում դիտվել է դրամի շարունակական արժևորում: Նշված գործոնների և ԿԲ-ի կողմից իրականացված զսպողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ դիտարկվող ժամանակահատվածում թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը ցուցաբերել է արագ տեմպերով նվազող վարքագիծ: Այնուամենայնիվ, ՀՀ-ում պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածի առաջին կեսում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.5 տոկոսային կետով: 2023 թ․ առաջին կիսամյակում՝ մինչև հունիս, հաշվի առնելով մի կողմից՝ զգալիորեն դանդաղող 12-ամսյա գնաճը, իսկ մյուս կողմից՝ դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների գործոնները, ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ: Հունիսին, գնաճի նվազման տեմպերի արագացման և գնաճային սպասումների հնարավոր ապախարսխման ռիսկերի որոշակի չեզոքացման պարագայում, ԿԲ-ն թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով:

Արդյունքում՝ 12-ամսյա գնաճը հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել և 2023 թ․ հունիսի վերջին կազմել է -0.5%: