Գնաճի հաշվետվություն 2023/2 (Դրամավարկային քաղաքականության 2023թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն
Համառոտագիր
2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում են տնտեսական աճի դանդաղ տեմպերը, ինչն ուղեկցվում է գնաճային միջավայրի շարունակական մեղմմամբ։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, «կոշտ» գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են բարձր: Ուստի այդ երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։ Արդյունքում՝ համաշխարհային պահանջարկը կշարունակի թուլանալ՝ նպաստելով միջազգային ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը։
ՀՀ տնտեսությունում բարձր տնտեսական ակտիվության միտումները պահպանվում են, որին հիմնականում նպաստում են շինարարության ոլորտի դրական զարգացումներն ու ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Միաժամանակ, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնաճային ազդեցությունների շարունակական թուլացման, ՀՀ ԿԲ իրականացրած զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում ՀՀ-ում նկատվում է ներմուծված պարենային ապրանքների գների էական նվազում, որոնք հանգեցրել են ընդհանուր գնաճային միջավայրի արագ տեմպերով մեղմմանը։ Այդուհանդերձ, բարձր պահանջարկով և գնաճային սպասումներով պայմանավորված՝ ծառայությունների և որոշ ապրանքախմբերի գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում։
Ընդհանուր առմամբ, առկա անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկը փորձում է նվազեցնել դրանցից բխող հնարավոր ռիսկերը՝ կառուցելով ու քննարկելով իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնցից մեկը ներկայացված է սույն ծրագրում:
2023 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ մայիսի վերջի դրությամբ կազմելով 1.3%: ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ առաջիկայում ակնկալվում է 12-ամսյա գնաճի որոշակի նվազում, սակայն տնտեսությունում բարձր պահանջարկը ու գնաճային սպասումները պահպանվում են, որի պարագայում աշխատավարձերը և «առավել կոշտ գներով» բնորոշվող մի շարք ծառայությունների ու ապրանքների գնաճը դեռևս բարձր մակարդակներում են: Նշվածից ելնելով՝ Կենտրոնական բանկն այս փուլում նպատակային է համարել համեմատաբար փոքր քայլով թուլացնել դրամավարկային պայմանները՝ հետևողական լինելով գնաճի վերջնական կարգավորման հարցում:
Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 12- ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, իսկ 2023 թ. ակնկալվում է նախորդ ծրագրի սցենարում ներկայացվածից ավելի բարձր տնտեսական աճ:
Միջնաժամկետ հորիզոնում, պահանջարկի գործոնների և ՀՆԱ դրական ճեղքվածքի ճշգրտմանը զուգահեռ, աճն աստիճանաբար կդանդաղի և երկարաժամկետ հատվածում կկայունանա հավասարակշիռ 4.5% մակարդակի շուրջ:
Ներկայացված սցենարում քաղաքականության 3 տարվա հորիզոնում գնաճի և տնտեսական աճի նախանշված ուղեգծերից շեղման հավանականային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են (տե՛ս ենթաբաժին 2.2.4): Ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը։