Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2022թ. 2-րդ եռամսյակ - 2023թ. 1-ին եռամսյակ)
(2023/1) 2022 թվականի 2-րդ եռամսյակից մինչև 2023 թվականի 1-ին եռամսյակն ընկած ժամանակահատվածի սկզբում ՀՀ-ում գնաճային միջավայրն ընդլայնվել է՝ պայմանավորված փետրվարի վերջից ռուս-ուկրաինական հակամարտության սրման, Ռուսաստանի դեմ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված մեծ անորոշությունների ազդեցությամբ: Մինչև 2022 թ. վերջ բարձր գնաճային միջավայրը պահպանվել է, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դեպի Հայաստան միջազգային այցելուների և ֆինանսական միջոցների մեծածավալ ներհոսքի պայմաններում ձևավորված համախառն բարձր պահանջարկը: Զուգահեռաբար, ֆինանսական մեծ ներհոսքի ազդեցությամբ տարվա ընթացքում ՀՀ արժութային շուկայում դիտվել է դրամի շարունակական արժևորում: 2022 թ. վերջից առաջատար երկրների ԿԲ-ների իրականացրած զսպողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվել է պարենի և էներգակիրների գների որոշակի նվազում, ինչը մի շարք ներմուծվող ապրանքների միջոցով փոխանցվել է ՀՀ ներքին գներին: Սակայն ՀՀ-ում պահպանվող բարձր պահանջարկի և գնաճային սպասումների ազդեցությամբ առավելապես «կոշտ» գներով աչքի ընկնող ապրանքախմբերում գները շարունակել են աճել:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.5 տոկոսային կետով: Արդյունքում՝ թեև 2022 թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը ձևավորվել է 10.3% մակարդակում, այնուհետև, իրականացված զսպողական դրամավարկային քաղաքականությամբ, դրամի արժևորմամբ և արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացմամբ պայմանավորված, աստիճանաբար նվազել է և 2023 թ. մարտի վերջին կազմել 5.4%: Գնահատվում է, որ վերջինս առաջիկայում կշարունակի նվազել և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: