Գնաճի հաշվետվություն 2023/1 (Դրամավարկային քաղաքականության 2023թ. 1-ին եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2022 թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր 

2023 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում, մասնավորապես՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվում է ցածր տնտեսական ակտիվությունը։ Նշված երկրներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար դանդաղում է՝ մեծամասամբ պայմանավորված պարենի և էներգակիրների գների շարունակական նվազմամբ։ Սակայն, գնաճի վրա դեռևս գերակշռում է բարձր պահանջարկի և գնաճային սպասումների ազդեցությունը, մասնավորապես՝ մի շարք զարգացած տնտեսություններում ծառայությունների գների աճը շարունակում է պահպանվել թիրախային մակարդակից էականորեն բարձր։ Այս պայմաններում, զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն դրամավարկային պայմանների խստացումը։ Սա կհանգեցնի պահանջարկի հետագա աստիճանական թուլացմանը, և ապրանքահումքային շուկաներում կարճաժամկետում կշարունակի արտացոլվել գների նվազմամբ։

ՀՀ-ում տարեսկզբին պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը, որին էականորեն նպաստում է ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը, ինչպես նաև շինարարության ճյուղի բարձր աճը։ Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում դիտվող արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացմամբ։ Սա արտահայտվում է նաև ՀՀ դրամի իրական և անվանական փոխարժեքի արժևորմամբ։ Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և նվազող, բայց դեռևս բարձր պահպանվող գնաճային սպասումները նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին:

Ընդհանուր առմամբ, առկա անորոշությունների պայմաններում, Կենտրոնական բանկը փորձում է նվազեցնել դրանցից բխող հնարավոր ռիսկերը՝ կառուցելով ու քննարկելով իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնցից ամենահավանականը մանրամասնորեն ներկայացված է սույն ծրագրում:

2023 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակիորեն նվազել է, սակայն դեռևս մնում է բարձր՝ փետրվարին կազմելով 8.1%: ՀՀ ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն, առաջիկայում ընդհանուր գնաճը, հիմնականում վերը նշված առաջարկի գործոններով պայմանավորված՝ արագ կնվազի, սակայն որոշ ապրանքների և ծառայությունների (հատկապես չկարգավորվող ծառայությունների) գները կշարունակեն աճել՝ կրելով ձևավորված բարձր պահանջարկի և գնաճային սպասումների ազդեցությունները։ Նշվածից ելնելով՝ Կենտրոնական բանկն այս փուլում նպատակահարմար է գտել պահպանել հարաբերականորեն խիստ դրամավարկային պայմանները՝ հաշվի առնելով առավելապես «կոշտ» գներով աչքի ընկնող ապրանքախմբերում դեռևս պահպանվող բարձր գնաճը:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը տարվա ընթացքում կնվազի և հետագայում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: