ՀՀ ԿԲ տեղեկագիր (2016թ. հոկտեմբեր)
Վիճակագրական ամփոփագիր
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամենամսյա պարբերականի «Վիճակագրական ամփոփագիր» բաժինը ներառում է դրամավարկային, արտաքին, հարկաբյուջետային և իրական հատվածների, ՀՀ վճարահաշվարկային և ֆինանսական համակարգերի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Իրական հատվածի (բացառությամբ բնականոն գնաճի) և արտաքին հատվածում ընդգրկված ապրանքների արտահանման ու ներմուծման վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտեն է (http://www.armstat.am), իսկ հարկաբյուջետային, արտաքին հատվածի, դրամավարկային և ֆինանսական վիճակագրության, բնականոն գնաճի և ՀՀ վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկը: Դրամավարկային և ֆինանսական վիճակագրությունում ընդգրկված է դրամավարկային ցուցանիշների, ֆինանսական շուկայի և ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:
Դրամավարկային ցուցանիշները կազմված են համաձայն ՀՀ ԿԲ «ՀՀ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկի», որը տեղադրված է ՀՀ ԿԲ «Տնային էջի» «Վիճակագրություն» բաժնում: Դրամավարկային ցուցանիշների, միջազգային պահուստների և արտաքին պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է վերանայման եռամսյակային և տարեկան կտրվածքով` նշված ցուցանիշներում ՀՀ ԿԲ եզրափակիչ շրջանառության գործառնություններն ընդգրկելու նպատակով: Եռամսյակային տվյալները վերանայվում են (համարվում են վերջնական) հաշվետու եռամսյակի ավարտից երկու ամիս հետո, իսկ տարեկան տվյալները` հաշվետու տարվա ավարտից երեք ամիս հետո: Վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և արտաքին պարտքը կազմվում և հրապարակվում են եռամսյակային կտրվածքով` փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների տեղեկագրերում:
Ըստ ապահովագրական դասերի ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների, գործող պայմանագրերի քանակների և գործող պայմանագրերով ապահովագրական գումարների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է տարեկան կտրվածքով` դեկտեմբեր ամսվա տեղեկագրում: Վիճակագրական տվյալների հրապարակման ժամանակացույցը տեղադրված է ՀՀ ԿԲ «Տնային էջի» «Վիճակագրություն» բաժնում: