ՀՀ ԿԲ բանբեր (2002թ. 2-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը

2002 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունն ավելի առաջանցիկ էր, քան առաջին եռամսյակում. առաջին եռամսյակում գրանցված 7.4% տնտեսական աճը կիսամյակի արդյունքներով վերաճեց 10.11%-ի: Չնայած գրանցված բարձր տնտեսական աճին՝ այդուհանդերձ փաստացի մակարդակը ծրագրային ցուցանիշը զիջեց 3.1 տոկոսային կետով:

Կիսամյակի արդյունքներով՝ տնտեսական աճին էապես նպաստել է արդյունաբերության ճյուղը: Իսկ ծրագրվածի համեմատ տնտեսական աճի ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված էր ծրագրվածի համեմատ ամբողջական պահանջարկի ցածր մակարդակով: Ամբողջական պահանջարկի և առաջարկի նման զարգացումների արդյունքում, այնուամենայնիվ, կիսամյակի միջին սղաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմաբ համընկել է ծրագրով

նախատեսված ցուցանիշին՝ 1.7%, իսկ ժամանակահատվածի վերջի սղաճը կազմել է 4.6%` ծրագրված 2.6%-ի փոխարեն: Ծրագրվածի համեմատ սղաճի փաստացի մակարդակի գերազանցումը հիմնականում գյուղատնտեսական ապրանքների սեզոնային գների աճի, ինչպես նաև անվանական փոխարժեքի կարճաժամկետ արժեզրկման արդյունք էր: