ՀՀ ԿԲ բանբեր (2006թ. 3-րդ եռամսյակ)

Ներածություն

2006 թվականի անցած ինն ամիսների արդյունքներով՝ 12-ամսյա գնաճը (2006թ. սեպտեմբերը 2005-ի սեպտեմբերի նկատմամբ) գերազանցել է նպատակային ցուցանիշը, ինչը տեղի է ունեցել «Միրգ և բանջարեղեն» ապրանքախմբի գների սեզոնային ավելի քիչ անկման և ներմուծման գների աճի հետևանքով. վերջիններս գնաճին նպաստել են համապատասխանաբար 1.8 և 1.2 տոկոսային կետով: Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%՝ կանխատեսված 3.0%-ի փոխարեն, որին համապատասխանում է սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 2.3% գնաճի ցուցանիշը: Ընդ որում, սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքատեսակների և ծառայությունների գները բարձրացել են համապատասխանաբար 6.1%, 3.3% և 4.5%-ով:

2006 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված բարձր՝ 13.1% տնտեսական աճը, ինչպես և տարվա առաջին կիսամյակում, հիմնականում ապահովվել է շինարարության և ծառայությունների ավելացված արժեքների իրական աճի բարձր մակարդակների հաշվին: Այդ ոլորտների տարեկան աճը երրորդ եռամսյակում կազմել է համապատասխանաբար 32.8% և 19.2%: Նշված զարգացումները, մասնավորապես՝ զբոսաշրջության աճի տեմպի արագացումը, տնտեսությունում արտարժույթի ներհոսքի խթանման հետ մեկտեղ, նպաստել են նաև բնակչության եկամուտների աճին, որը մասնավոր սպառման աճի միջոցով որոշակի գնաճային ճնշումներ է ձևավորել սպառողական շուկայում:

Տնտեսության իրական հատվածի մյուս երկու ճյուղերում` արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում, երրորդ եռամսյակում համապատասխանաբար արձանագրվել է տարեկան 0.8% աճ և 3.5% անկում: Վերջինս ամբողջապես պայմանավորվել է բուսաբուծության թողարկման ծավալների մոտ 10% անկմամբ, մասնավորապես՝ սովորականից շոգ եղանակի պատճառով նվազել են մրգի, բացառությամբ խաղողի, և բանջարեղենի որոշ արտադրատեսակների բերքի ծավալները: Սա անմիջականորեն ազդել է սպառողական շուկայի վրա՝ մոտ 1.8 տոկոսային կետով նպաստելով սեզոնայինից բարձր գնաճի արձանագրմանը, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է «Միրգ» և «Բանջարեղեն»  ապրանքատեսակների գների բարձր աճ՝ համապատասխանաբար 21.4% և 25.2%:

Համախառն պահանջարկի երկնիշ աճի տեմպի արձանագրումը շարունակվել է նաև 2006 թվականի երրորդ եռամսյակում: Ներքին պահանջարկի աճը եռամսյակի ընթացքում ուղեկցվել է կառուցվածքային որոշակի տեղաշարժերով: Մասնավորապես, համախառն սպառման իրական աճի տեմպի մոտ 1 տոկոսային կետով նվազումը զուգակցվել է կապիտալ ներդրումների աճի՝ մոտ 5 տոկոսային կետով ավելացմամբ: Միևնույն ժամանակ, պետական ծախսերի աճի տեմպի կտրուկ նվազման պայմաններում, ավելացել է մասնավոր հատվածի ծախսերի իրական աճի տեմպը՝ կազմելով մոտ 15% (նախորդ տարվա երրորդ եռամսյակում` 10.1%):

Հաշվետու եռամսյակում մասնավոր ներդրումների աճը կազմել է 21.8%` նախորդ տարվա 15.2%-ի պարագայում, ինչը հիմնականում պայմանավորվել է արտաքին ֆինանսական մեծածավալ ներհոսքով:

Աշխատանքի շուկայում տարվա ութ ամիսներին տեղի ունեցած փոփոխությունները ուղեկցվել են գնաճային ճնշումներով, որոնք պայմանավորվել են այն հանգամանքով, որ տնտեսությունում արտադրողականության աճը, որը գնաճը մեղմող գործոն է, էապես զիջել է գնաճը խթանող կարևորագույն գործոնի` իրական աշխատավարձի աճի ցուցանիշին: Վերջինս էլ բացատրվում է այն հանգամանքով, որ ներկայիս ՀՆԱ աճը մեծամասամբ ցածր արտադրողական ճյուղերի՝ ծառայությունների և շինարարության աճի հաշվին է:

Տնտեսական աճի և գործազրկության կրճատման պայմաններում աշխատանքի արտադրողականության աճը տարվա ութ ամիսներին կազմել է 10.4%՝ գրեթե կրկնակի զիջելով իրական աշխատավարձի աճի ցուցանիշին:

Հաշվետու ժամանակահատվածում ներմուծման դոլարային գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բարձրացել են 17.5%-ով` պահպանելով աճի բարձր տեմպերը: Սակայն դրամի արժևորումը և Կառավարության կողմից գազի գների բարձրացման սուբսիդավորումը հիմնականում չեզոքացրել են ներմուծման դոլարային գների աճի հետևանքները, և դրամային արտահայտությամբ դրանք աճել են 6.2%-ով: 2006թ. երրորդ եռամսյակում ընթացիկ հաշվի պակասուրդը խորացել է (34.3 մլն ԱՄՆ դոլարով)՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (80.2 մլն ԱՄՆ դոլարով): Չնայած ընթացիկ հաշվի պակասուրդը խորացել է, այնուամենայնիվ, այն թուլացրել է ֆինանսական ներհոսքի արդյունքում պահանջարկի աճի ընդլայնող ազդեցությունը գնաճի վրա, քանի որ հանգեցրել է մի կողմից՝ եկամուտների արտահոսքի ավելացման, մյուս կողմից՝  ներմուծման միջոցով սպառողական ապրանքների իրական ծավալների լրացուցիչ առաջարկի:

2006 թվականի երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է փոքր-ինչ՝  0.2 տոկոս զսպող ազդեցություն, որն ընդհանուր առմամբ համընկել է սպասումներին: Ընդ որում, եկամուտների ազդակը կազմել է 0.2 տոկոս ընդլայնող, իսկ ծախսերի ազդակը սպասվածի համեմատ ունեցել է ավելի մեծ՝ 0.4 տոկոս զսպող ազդեցություն:

Դրամավարկային հատվածի զարգացումները երրորդ եռամսյակում բնութագրվել են երկու հիմնա-կան առանձնահատկությամբ: Նախ, ԿԲ գլխավոր խնդրի իրագործման հետ կապված հիմնական ռիսկերը, որոնք սպասվում էին տնտեսության մյուս հատվածներից, այդ ժամանակահատվածում դրսևորվել են, որի հետևանքով արձանագրվել է կանխատեսվածից բարձր գնաճ: Այդուհանդերձ, ԿԲ-ն չի փորձել զսպել փողի առաջարկը և վերանայել է գնաճի ծրագրային ցուցանիշը (տարեվերջին տարեկան մինչև 3%-ի փոխարեն 5% +, - 1.5%)՝ չխախտելու համար ֆինանսական շուկայի կայունությունը: Երկրորդ առանձնահատկությունը կապված է երրորդ եռամսյակում դրամայնացման գործընթացի աշխուժացման հետ, ինչը, համարվելով ոչ գնաճային երևույթ, ևս նպաստել է դրամի առաջարկի աճին: Արդյունքում դրամային զանգվածը երրորդ եռամսյակի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելա-ցել է 50.1%-ով՝ նախատեսված 37%-ի փոխարեն, փողի բազան նույն ժամանակահատվածում ավելացել է 33%-ով՝ 23.3%-ի փոխարեն, իսկ փողի զանգվածը՝ 24.6%-ով՝ 20.5%-ի փոխարեն:

Գնաճի հաշվետվությունը եզրափակվում է 2007թ. երրորդ եռամսյակի գնաճի կանխատեսումների ներկայացմամբ (ներառյալ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստերի արձանագրությունները): Ակնկալվում է, որ 2007 թվականին ևս շարունակվելու է կապիտալ շինարարության և ծառայությունների ոլորտի զարգացումը՝ պայմանավորված բնակչության եկամուտների աճով և Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որը խթանելու է համախառն պահանջարկը՝ շարունակելով գնաճային ճնշումներ ստեղծել հանրապետությունում:

Արտաքին միջավայրում հիմնական ռիսկերը կապված են հացահատիկի միջազգային գների փոփոխությունների հետ: Ռուսաստանում և Ուկրաինայում հացահատիկի բերքի, ինչպես նաև դրա հետևանքով արտահանման ծավալների նվազման ազդեցությունը գների վրա բարձրացման ուղղությամբ 2006թ. չորրորդ եռամսյակից արդեն կդրսևորվի նաև ՀՀ տնտեսությունում և կպահպանվի նաև 2007թ. ողջ ընթացքում:

Նշված պայմաններում ակնկալվում է, որ 2007թ. երրորդ եռամսյակի գնաճը կկազմի 3.3%, որը, ըստ վերանայված ցուցանիշի, գտնվում է տարեկան 4% +, - 1.5% ծրագրային միջակայքի սահմաններում: Ընդ որում, տնտեսության զարգացման վերոնշյալ ուղղությունների ապահովման և սպասվող գնաճային ռիս-կերի դրսևորման պարագայում հնարավոր է՝ վերանայվեն ինչպես փողի ագրեգատների աճի տեմպերը, այնպես էլ տոկոսադրույքները: