ՀՀ ԿԲ բանբեր (2007թ. 1-ին եռամսյակ)

Ներածություն

2007 թվականի անցած երեք ամիսների արդյունքներով` տ/տ գնաճը եղել է նպատակային ցուցանիշի միջակայքում կազմել է 4.3%, որը տարեսկզբին կանխատեսված ցուցանիշից ցածր է 0.8 տոկոսային կետով: Ընդ որում, սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները համապատասխանաբար աճել են 5.1%, -0.5% և 5.5%-ով (տ/տ):

Հաշվի առնելով 2007 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական զարգացումները և այն, որ տ/տ գնաճը նպատակային ցուցանիշի շրջանակներում էր, ՀՀ ԿԲ խորհուրդը հիմնական գործիքի՝ ռեպո գործառնության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 4.75%: Միաժամանակ, պահպանելով մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքները ռեպո գործառնության տոկոսադրույքից հավասարաչափ հեռացված լինելու դրույթը, դրանք նույնպես չեն փոփոխվել:

2007 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է բարձր՝ տ/տ 11.1% տնտեսական աճ, ինչն ապահովվել է հիմնականում շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ավելացված արժեքների իրական աճի բարձր մակարդակների հաշվին: Ըստ եռամսյակի արդյունքների՝ դրանք կազմել են համապատասխանաբար 18.2%, 8.8% և 5.5%:

Ներքին պահանջարկի իրական աճը կազմել է 10.8%՝ պայմանավորված ինչպես սպառման, այնպես էլ ներդրումների բարձր աճով: Մասնավոր սպառման իրական աճը կազմել է տ/տ 10.7% (2006թ.՝ 12%),իսկ ներդրումներն ավելացել են տ/տ 20.1%-ով (2006 թ.՝ 1.2%):

Առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ աշխատանքի շուկայում զգալի ավելացել են տնտեսության միջին անվանական և իրական աշխատավարձերը՝ 25.3%-ով և 16.2%-ով: Գործազրկության մակարդակը նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 7.2%:

Արձանագրված տնտեսական աճի և զբաղվածության մակարդակի պայմաններում աշխատանքի արտադրողականության աճը տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 9.9%: 

2007 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ընթացիկ հաշվի պակասուրդի խորացում (տ/տ 126.4 մլն ԱՄՆ դոլարով)՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (տ/տ 157.2 մլն ԱՄՆ դոլարով): Դա տեղի է ունեցել արտահանման տ/տ 22.8% և ներմուծման 54.4% աճի արդյունքում:

2007 թվականի առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն

պահանջարկի վրա ունեցել է փոքր-ինչ՝ 0.6 տոկոս զսպող ազդեցություն, որը կանխատեսվածի շրջանակներում է: Ընդ որում, եկամուտների ազդակը կազմել է 3.1 տոկոս զսպող, իսկ ծախսերի ազդակը սպասվածի համեմատ ունեցել է ավելի փոքր՝ 2.5 տոկոս ընդլայնող ազդեցություն:

Ինչպես նախորդ տարի, հատկապես երկրորդ կիսամյակում, 2007 թվականի առաջին եռամսյակում ևս արձանագրվել են տնտեսության դրամայնացման բարձր տեմպեր, ինչն էլ հիմնականում պայմանավորել է դրամավարկային ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներից շեղումները: Այդուհանդերձ, քանի որ տարեսկզբին տնտեսությունից սպասվող ռիսկերի դրսևորումները դեռևս անորոշ էին, և տ/տ գնաճն էլ տատանման թույլատրելի միջակայքի շրջանակներում էր, ԿԲ-ն եռամսյակի ընթացքում ճշգրտել է դրամավարկային հիմնական ցուցանիշների գնահատված մակարդակները՝ թույլ տալով 10-15 տոկոսային կետով ավելի մեծ աճեր:

Եռամսյակի փաստացի արդյունքներով՝ սպասվածից առավել մեծ է եղել դրամային զանգվածի և դրա կառուցվածքային տարրերից՝ դրամային ավանդների տ/տ աճը՝ համապատասխանաբար 64.6% (136.2 մլրդ դրամ) և 80.3% (64.8 մլրդ դրամ): Նույն ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 35.1%, իսկ փողի բազան՝ 40%-ով:

Գնաճի հաշվետվությունում ներկայացված են մինչև տարեվերջ և 2008 թվականի առաջին եռամսյակի գնաճի կանխատեսումները (ներառյալ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստերի արձանագրությունները): Ներքին և արտաքին միջավայրերի գնահատված սցենարի պայմաններում 2008 թվականի առաջին եռամսյակի գնաճն ակնկալվում է ծրագրված 3% + 1.5% միջակայքում:

ՀՀ ԿԲ բանբերի երկրորդ բաժնում ներկայացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի գործունեության արդյունքները, ընդհանուր կապիտալի, ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի եռասյակային միտումները: Տրվում են նաև ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխությունները:

Երրորդ բաժնում տրված են 2007 թվականի առաջին եռամսյակի ընթացքում վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման միտումներին: Մասնավորապես ամփոփվում են վճարային

համակարգերի կարգավորմանը, հսկողության իրականացման նպատակով իրավական դաշտի կանոնակարգմանը, անկանխիկ վճարումների զարգացմանն ուղղված միջոցառումներն ու կատարված աշխատանքները: