ՀՀ ԿԲ բանբեր (2008թ. 1-ին եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2008 թվականի առաջին եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

31.03.2008 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր: 2008թ. առաջին եռամսյակի ընթացքում բանկերի մասնաճյուղերի քանակն ավելացել է 11-ով և կազմել 358:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2008 թվականի առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 6.0%-ով (10.4 մլրդ դրամով) և 31.03.2008 թ. դրությամբ կազմել 181.9 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է բանկային համակարգի կողմից 5.8մլրդ դրամ շահույթի ապահովմամբ և երկու բանկի կողմից կանոնադրական հիմնադրամի ընդհանուր 4.8 մլրդ դրամ համալրմամբ:

Նորմատիվային կապիտալի աճի համեմատ՝ ռիսկով կշռված ակտիվները հաշվետու եռամսյակում դրսևորել են առաջանցիկ աճ, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը նվազել է 3.0 տոկոսային կետով և կազմել 27.0%: Ռիսկով կշռված ակտիվների աճին նպաստել է ինչպես վարկային ներդրումների արագատեմպ աճը, այնպես էլ նորմատիվային փոփոխությունների համաձայն՝ կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջի հաշվարկում ընդգրկված ռիսկով կշռված ակտիվների կազմում, 2008 թ. հունվարից, շուկայական և գործառնական ռիսկերի մեծությունների ներառումը:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը ավելացել է 0.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջում կազմելով 22.7%:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.3%-ով (25.3 մլրդ դրամով) և 31.03.2008թ. դրությամբ կազմել 618.2 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 13, նվազում՝ 9 բանկում:

Պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ բանկերի նկատմամբ (ներառյալ ԿԲ) պարտավորությունների և ընդհանուր ավանդների (ցպահանջ և ժամկետային) աճի: Եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով պարտավորություններն աճել են 3.4%-ով, իսկ արտարժույթով պարտավորությունները՝ 5.2%-ով: Ընդհանուր պարտավորությունների կազմում ՀՀ դրամով պարտավորությունն երի տեսակարար կշիռը նախորդ եռամսյակի համեմատ փոքր-ինչ՝ 0.4 տոկոսային կետով նվազել է և կազմել 51.3%:

Եռամսյակի ընթացքում իրավաաբնական և ֆիզիկական անձանց համընդհանուր ավանդները (ցպահանջ և ժամկետային միջոցներ) ավելացել են 3.2%-ով (12.6 մլրդ դրամով) և կազմել 411.1 մլրդ դրամ: Ավանդներն ավելացել են ի հաշիվ ժամկետային ավանդների 13.3% (25.0 մլրդ դրամով) աճի: Իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ պարտավորությունները նվազել են 5.9%-ով (12.4 մլրդ դրամով):

Եռամսյակի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդներում (ցպահանջ և ժամկետային միջոցներ) դրամային միջոցներն ավելացել են 1.5%-ով, իսկ արտարժութային միջոցները՝ 5.5%-ով: Արդյունքում՝ դրամային ավանդների տեսակարար կշիռը եռամսյակի ընթացքում նվազել է 1.0 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 56.9%: