ՀՀ ԿԲ բանբեր (2009թ. 3-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2009 թվականի երրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
30.09.2009 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր` 383 մասնաճյուղերով:
Հաշվետու եռամսյակում բանկային շուկան ցուցաբերել է բավականաչափ աշխուժացում, և արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների զգալի աճեր (բանկային համակարգի ակտիվները եռամսյակի ընթացքում աճել են 12%-ով): Մասնավորապես, եթե 2009թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգի կողմից ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում զգուշավոր վարկային քաղաքականության իրականացման արդյունքում արձանագրվել էր վարկային ներդրումների նվազում, ապա երրորդ եռամսյակում արդեն արձանագրվել է վարկերի աճ և վարկային շուկայի աշխուժացում:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 3.4%-ով (8.5 մլրդ դրամով) և 30.09.2009 թ. դրությամբ կազմել է 258.3 մլրդ դրամ:
Եռամսյակի ընթացքում երեք բանկեր համալրել են կանոնադրական կապիտալ` ընդհանուր 12.2 մլրդ դրամի չափով (մեկ բանկը համալրել է նախորդ ժամանակաշրջանի շահույթի հաշվին):
Ընդհանուր ակտիվներն` ի համեմատություն ընդհանուր կապիտալի, ապահովել են առաջանցիկ աճի տեմպ, ըստ որի ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջում կազմելով 21.0%:
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.3 տոկոսային կետով և կազմել 28.3%:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 12.0%-ով (104.3 մլրդ դրամով) և կազմելª 972.2 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 18 բանկում և նվազում` 4 բանկում:
Պարտավորությունների կազմում աճել են հիմնականում ընդհանուր ավանդները (իրավաբանական և ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային միջոցները)` 15.3%-ով (81.9 մլրդ դրամով), ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները` 69.8%-ով (20.1 մլրդ դրամով) և այլ ֆինանսական կազմակերպությունների (ոչ բանկ) նկատմամբ պարտավորությունները` 17%-ով (11.4 մլրդ դրամով):
Պարտավորությունների կազմում նվազել են բանկերի լորո թղթակցային հաշիվները` 49.6%-ով (2.5 մլրդ դրամով) և այլ պարտավորությունները բանկերի նկատմամբ` 4.3%-ով (8.1 մլրդ դրամով):
30.09.2009 թվականի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 616.9 մլրդ դրամ:
Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 20.5%-ով (56.4 մլրդ դրամով), իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները` են 9.8%-ով (25.5 մլրդ դրամով):