ՀՀ ԿԲ բանբեր (2009թ. 2-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2009 թվականի երկրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

30.06.2009 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր` 383 մասնաճյուղերով:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը

2009 թվականի երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 4.5%-ով (10.8 մլրդ դրամով) և 30.06.2009 թ. դրությամբ կազմել 249.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է երկու բանկի կողմից կանոնադրական հիմնադրամի՝ ընդհանուր 12.0 մլրդ դրամ համալրմամբ:

Կանոնադրական կապիտալի աճի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը ավելացել է 1.1 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 22.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը աճել է 1.8 տոկոսային կետով և կազմել 28.0%: Այս ցուցանիշի աճը պայմանավորվել է այն հանգամանքով, որ 2009թ. երկրորդ եռամսյակում նորմատիվային կապիտալի աճին զուգընթաց, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկերի կողմից իրականացված վարկավորման առավել զգուշավոր քաղաքականության արդյունքում, ռիսկով կշռված ակտիվների ծավալը նվազել է 42.2 մլրդ դրամով:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները

Հաշվետու եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունները նվազել են 2.4%-ով (21.0 մլրդ դրամով) և կազմել 868.0 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 10 բանկում, իսկ նվազում՝ 12 բանկում:

Բանկերի պարտավորությունների կազմում նվազել են բանկերի լորո թղթակցային հաշիվները`48.6%-ով (4.9 մլրդ դրամով) և այլ պարտավորությունները բանկերի նկատմամբ` 13.8%-ով (30.1 մլրդ դրամով):

Պարտավորությունների կազմում հիմնականում ավելացել են ՀՀ Կառավարության նկատմամբ պարտավորությունները` 36.0%-ով (7.6 մլրդ դրամով) և ընդհանուր ավանդները (իրավաբանական և ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային միջոցները)` 0.8%-ով (4.4 մլրդ դրամով):

Ընդհանուր ավանդների մեծությունը 30.06.2009 թ. դրությամբ կազմել է 534.9 մլրդ դրամ:

Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 3.4%-ով (9.0 մլրդ դրամով), իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 1.7%-ով (4.6 մլրդ դրամով):