ՀՀ ԿԲ բանբեր (2012թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2012 թվականի չորրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը

31.12.2012 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 477 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:

2012 թվականի ընթացքում անվանական ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների առաջանցիկ աճի պայմաններում զգալիորեն աճել են ֆինանսական միջնորդությունը բնութագրող ցուցանիշները: Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի ընդհանուր ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը և տնտեսությանը տրամադրված վարկերի (ներառյալ լիզինգի և ֆակտորինգի) և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը աճել են համապատասխանաբար 5.5 և 5.7 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար 59.6% և 37.3%:

Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 

2012 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 3.2 %-ով (տարեսկզբից՝ 10.3%-ով) և եռամսյակի վերջին կազմել 400.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում տեղի է ունեցել եռամսյակի 11.3 մլրդ դրամ զուտ շահույթի հաշվին:

Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 2.6 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.2%: 

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.8%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում ակտիվ վարկային քաղաքականության:

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները աճել են 6.2%-ով (տարեսկզբից՝ 21.4%-ով) և եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 77 մլրդ դրամ, ընդ որում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 19 բանկում, իսկ  նվազում` 3 բանկում:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 4.3% (տարեսկզբից՝ 21.2%-ով) և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 10.8% (տարեսկզբից՝ 22.0%-ով) աճի հաշվին:

Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 3.4%-ով (տարեսկզբից աճել է՝ 3.4%-ով) և կազմել 388.1 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 8.8%-ով (տարեսկզբից՝ 33.2%-ով) և կազմել 744.4 մլրդ դրամ:

Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 31.4% և 68.6% (30.09.2012թ. դրությամբ համապատասխանաբար` 34.1% և 65.9%):

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 7.4%-ով (տարեսկզբից՝ 15.2%-ով), իսկ արտարժութային ավանդները` 3.0%-ով (տարեսկզբից՝ 24.0%-ով): Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 0.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին  կազմելով  70.3%:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում զգալի փոփոխություններ արձանագրվել են իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների մասով. իրավաբանանական անձանց ցպահանջ ավանդների տեսակարար կշիռը նվազել է 1.7 տոկոսային կետով, իսկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների տեսակարար կշիռը՝ աճել 1.5 տոկոսային կետով: