ՀՀ ԿԲ բանբեր (2012թ. 3-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2012 թվականի երրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
30.09.2012 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 465 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկ): 2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ևս արձանագրվել է բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 3.1 %-ով (11.5 մլրդ դրամով) (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր կապիտալը աճել է 11.1%-ով) և եռամսյակի վերջին կազմել 381.3 մլրդ դրամ: Կանոնադրական կապիտալը աճել է 9.0 մլրդ դրամով:
Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 1.2 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.3%:
Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.3 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 17.2%` պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ ընդհանուր նորմատիվային կապիտալի առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում երկու բանկի կողմից կանոնադրական կապիտալի համալրման:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 4.5%-ով (84.1 մլրդ դրամով) (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր պարտավորությունները աճել են 26.9%-ով) և եռամսյակի վերջին կազմել 1 տրլն 955.3 մլրդ դրամ, ընդ որում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 15 բանկում, իսկ նվազում` 6 բանկում: Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 10.1% (99.2 մլրդ դրամ) աճի հաշվին (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ավանդները աճել են 29.1%-ով) :
30.09.12թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 86 մլրդ դրամ: Ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 34.1% և 65.9% (30.06.2012թ. դրությամբ համապատասխանաբար` 33.4% և 66.6%):
Եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց ավանդները աճել են համապատասխանաբար 5.5%-ով (35.6 մլրդ դրամով) և 18.8%-ով (63.6 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել համապատասխանաբար 684.2 մլրդ և 401.8 մլրդ դրամ:
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 5.4%-ով (16.0 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` 12.1%-ով (83.2 մլրդ դրամով): Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.1%: