ՀՀ ԿԲ բանբեր (2012թ. 1-ին եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2012 թվականի առաջին եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
31.03.2012 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 444 մասնաճյուղով: 2012 թվականի առաջին եռամսյակում ևս բանկերը ցուցաբերել են բավականին ակտիվություն վարկային շուկայում:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 2.0%-ով (7.0 մլրդ դրամով) և տարեվերջին կազմել 363 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորված է եռամսյակի 7.9 մլրդ դրամ շահույթով:
Հաշվետու եռամսյակում ակտիվների համեմատ ընդհանուր կապիտալի առաջանցիկ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 0.6 տոկոսային կետով` կազմելով 17.8%: Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 18.3%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում վարկավորման ծավալների ընդլայնման:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները նվազել են 2.1%-ով (36.7 մլրդ դրամով) և տարեվերջին կազմել 1 տրլն 674.1 մլրդ դրամ: Ընդ որում հաշվետու եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 10 բանկում, իսկ նվազում` 11 բանկում:
Պարտավորությունների կազմում աճել են այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` համապատասխանաբար 7.1% (15.8 մլրդ դրամով) և 8.0%-ով (44.5 մլրդ դրամով): Բանկերի նկատմամբ պարտավորությունները (ներառյալ` ԿԲ) և իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ ցպահանջ պարտավորությունները նվազել են համապատասխանաբար 12.5% և 18.6%-ով:
Եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը նվազել է 2.7 %-ով (25.4 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 908.8 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 5.5 %-ով (30.5 մլրդ դրամով) և կազմել 589.4 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն նվազել են 14.9 %-ով (55.9 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 319.4 մլրդ դրամ:
Ըստ արժութային կառուցվածքի դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 6.1 %-ով (17.7 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` նվազել 6.7 %-ով (43.1 մլրդ դրամով): Արդյունքում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.8 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 34.1%: