ՀՀ ԿԲ բանբեր (2013թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2013 թվականի չորրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը 

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 485 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:

2013 թվականի ընթացքում անվանական ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների առաջանցիկ աճի պայմաններում զգալիորեն աճել են ֆինանսական միջնորդությունը բնութագրող ցուցանիշները: Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի ընդհանուր ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը և տնտեսությանը տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը աճել են համապատասխանաբար 7.0 և 1.6 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար 69.2% և 40.2%:

Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 

2013 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 6.4%-ով և կազմել 456.0 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորված է համակարգի համապարփակ ֆինանսական արդյունքի աճով և երկու բանկի կողմից ընդհանուր 4.8 մլրդ դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրմամբ:

Հաշվետու եռամսյակում ընդհանուր ակտիվների աճի տեմպը գերազանցել է կապիտալի աճի տեմպը 1.9 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.5%:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.2 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.7%` պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ ընդհանուր նորմատիվային կապիտալի առաջանցիկ աճով: 

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները աճել են 8.7%-ով և կազմել 2 տրլն 487.7 մլրդ դրամ:

Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է ընդհանուր ավանդների 11.6% (157.6 մլրդ դրամով) աճով:

Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 19.3%-ով և կազմել 608.8 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 6.9%-ով և կազմել 912.5 մլրդ դրամ:

Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 34.3% և 65.7% (30.09.2013թ. դրությամբ համապատասխանաբար` 32.4% և 67.6%):

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 14.0%-ով, իսկ արտարժութային ավանդները` 10.6%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 0.6 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.0%:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հիմնականում ավելացել է իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների կշիռը, նվազել է բանկերի (ներառյալ ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը: