ՀՀ ԿԲ բանբեր (2013թ. 3-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2013 թվականի երրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող բանկերը
2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 481 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը
2013 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 3.8%-ով և երրորդ եռամսյակի վերջին կազմել 428.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է 12.2 մլրդ դրամ զուտ շահույթի ապահովման և երկու բանկի կողմից ընդհանուր 6.6 մլրդ դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրման հաշվին:
Հաշվետու եռամսյակում ընդհանուր կապիտալի աճի տեմպը գերազանցել է ակտիվների աճի տեմպը 0.8 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 0.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.8%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.2 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.5%` պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ ընդհանուր նորմատիվային կապիտալի առաջանցիկ աճով:
Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները աճել են 2.8%-ով և եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 289.4 մլրդ դրամ, ընդ որում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 14 բանկում, իսկ նվազում` 8 բանկում:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի նկատմամբ (ներառյալ ԿԲ) պարտավորությունների (ներառյալ թղթակցային լորո հաշիվները) 5.8% (24.0 մլրդ դրամով) ու ընդհանուր ավանդների 1.9% (25.2 մլրդ դրամով) աճերով:
Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 1.6%-ով և կազմել 510.1 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 4.1%-ով և կազմել 853.6 մլրդ դրամ:
Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 32.4% և 67.6% (30.06.2013թ. դրությամբ համապատասխանաբար` 36.0% և 64.0%):
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 6.8%-ով, իսկ արտարժութային ավանդները` 0.1%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.6%:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հիմնականում ավելացել է իրավաբանական ու ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների և բանկերի նկատմամբ (ներառյալ ԿԲ) պարտավորությունների կշիռները, նվազել է իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների կշիռը: