ՀՀ ԿԲ բանբեր (2013թ. 2-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2013 թվականի երկրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը

2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 476 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը): Եռամսյակի ընթացքում շարունակվել է արձանագրվել բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճ: 

Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 

2013 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 1.9%-ով և երկրորդ եռամսյակի վերջին կազմել 413.2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում տեղի է ունեցել եռամսյակի 8.2 մլրդ դրամ զուտ շահույթի հաշվին:

Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 0.8 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.6%:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.3%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով:

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները աճել են 2.9%-ով և եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 227.5 մլրդ դրամ, ընդ որում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 16 բանկում, իսկ  նվազում` 6 բանկում:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 5.9% (74.1 մլրդ դրամով) աճի հաշվին:

Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 11.3%-ով և կազմել 518.5 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 2.7%-ով և կազմել 820.0 մլրդ դրամ:

Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 36.0% և 64.0% (31.03.2013թ. դրությամբ համապատասխանաբար` 32.3% և 67.7%):

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 3.4%-ով, իսկ արտարժութային ավանդները` 6.8%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսա-կարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 0.7 տոկոսային կետով` եռամսյակի վերջին  կազմե-լով  72.9%:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում զգալի փոփոխու-թյուններ արձանագրվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների մասով. իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների տեսակարար կշիռը աճել է 1.7 տոկոսային կետով, իսկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները՝ նվազել 0.8 տոկոսային կետով: