ՀՀ ԿԲ բանբեր (2014թ. 3-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2014 թվականի երրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը 

2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր 503 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը):

Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 1.8%-ով (12 ամսյա աճը կազմել է 12.3%) և կազմել 481.5 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը ապահովվել է եռամսյակի 6.5 մլրդ դրամ զուտ շահույթի և երկու բանկի կողմից կանոնադրական կապիտալի 3.1 մլրդ դրամով համալրմամբ:

Հաշվետու եռամսյակում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 0.1 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.3%:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.1 տոկոսային կետով և կազմել 16.3%:

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 1.1%-ով (12 ամսյա աճը կազմել է 8.2%) և կազմել 2 տրլն 477.6 մլրդ դրամ: Ընդ որում պարտավորությունների աճ արձանագրվել է 12 բանկում, իսկ նվազում` 10 բանկում:

Ընդհանուր պարտավորություններն ավելացել են հիմնականում բանկերի նկատմամբ այլ պարտավորությունների (ներառյալ ԿԲ) 7.0% աճի հաշվին:

30.09.2014թ. դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 1 տրլն 25.3 մլրդ դրամ: Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 32.4% և 67.6% (30.06.2014թ. դրությամբ համապատասխանաբար` 33.0% և 67.0%):

Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 5.5%-ով և կազմել 533.9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 1.1%-ով և կազմել 983.5 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 3.9%-ով, իսկ արտարժութային ավանդները նվազել են` 3.5%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 1.6 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 68.7%:

Ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում համեմատաբար բարձր՝ 0.9 տոկոսային կետով ավելացել է բանկերի (ներառյալ ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը, և 1.5 տոկոսային կետով նվազել իրավաբանական անձանց ավանդների տեսակարար կշիռը: