Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2022 թ. 1-ին եռ. - 2022 թ. 4-րդ եռ.)
(2022/4) 2022 թվականի 1-ին եռամսյակից 4-րդ եռամսյակն ընկած մեկ տարվա ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: Վերջինս մեծապես պայմանավորվել է փետրվարի վերջից ռուս-ուկրաինական հակամարտության սրման, Ռուսաստանի դեմ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված մեծ անորոշությունների ազդեցությամբ: Դրանք, համավարակի ազդեցություններից հետո, կրկին հանգեցրել են արժեշղթաների էական խաթարումների, ինչը միջազգային ապրանքահումքային շուկաներում արտահայտվել է էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ աճով, որն էլ ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով փոխանցվել է ՀՀ ներքին գներին: Բարձր գնաճի պահպանմանը նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան միջազգային այցելուների և ֆինանսական միջոցների մեծաքանակ ներհոսքի արդյունքում հատկապես ծառայությունների ոլորտում ձևավորված համախառն բարձր պահանջարկը: Միաժամանակ, ֆինանսական մեծ ներհոսքի ազդեցությամբ տարվա ընթացքում ՀՀ արժութային շուկայում դիտվել է դրամի շարունակական արժևորում՝ որոշակիորեն զսպելով գնաճային դրսևորումները:
Ելնելով ստեղծված իրավիճակից և առաջնորդվելով ապագային միտված քաղաքականության իրականացման սկզբունքով՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 3.0 տոկոսային կետով, որից միայն 1.25 տոկոսային կետով՝ 2022 թ. մարտին՝ արձագանքելով փետրվարի վերջից մեծ անորոշության պարագայում գնահատվող միջնաժամկետ բարձր գնաճային միջավայրին: Հաշվետու ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը 2022 թ. մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3%-ի, այնուհետև, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է և տարեվերջին կազմել 8.3%: Գնահատվում է, որ իրականացվող հետևողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: