Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2006թ. տարեկան)

Ներածություն

2006 թվականի հունվարին ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ գործելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի սահմաններում, 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը ընդունել է գնաճի կառավարման նոր մոտեցում՝ անցում կատարելով գնաճի նպատակադրման ռազմավարությանը: Մինչ այդ կիրառվող փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարությունը ՀՀ ԿԲ-ն ընդունել էր 1994 թվականին, երբ, 1993 թվականի վերջին ազգային արժույթը ներդնելուց հետո, սկսել էր իրականացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն: Սա ենթադրում էր վերջնական նպատակի սահմանում, այնուհետև, վերջնական նպատակին հասնելու համար, միջանկյալ նպատակի կամ որ նույնն է՝ անվանական խարսխի սահմանում: Վերջնական նպատակը գնաճն էր, միջանկյալը՝ տնտեսությունում փողի առաջարկը կամ զանգվածը, որը ԿԲ-ն կառավարել է գործառնական նպատակի՝ փողի բազայի միջոցով:

Այսինքն՝ գործել է փողի բազա - փողի զանգված - գնաճ շղթան: Չնայած ԿԲ-ն վերջին տարիներին հասել է գնաճի նպատակային ցուցանիշին, փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն իրակա- նացնելիս առկա են եղել հիմնախնդիրներ: Մասնավորապես, վերջին տարիներին անկայուն էր դարձել փողի զանգված - գնաճ կապը` պայմանավորված տնտեսությունում փողի պահանջարկի տատանողական վարքագծով, բարձր դոլարայնացման պայմաններում փողի զանգվածում կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև գնաճի վրա ոչ մոնետար գործոնների զգալի ազդեցությամբ (արտաքին ցնցումներ և այլն): Եվ քանի որ ԿԲ գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, որն օրենսդիրը  «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրում է որպես գնաճի որոշակի մակարդակ, ապա վերոնշյալ կապի թուլացման պայմաններում ԿԲ-ն, նախապատվությունը տալով գնաճի նպատակային ցուցանիշին, դրամավարկային քաղաքականության իրականացման ժամանակ պարբերաբար վերանայել է փողի զանգվածի իր ծրագրած ցուցանիշը:

Փաստորեն, փողի ագրեգատների անվանական խարիսխն արդյունավետ չէր ծառայում իր նպատակին, քանի որ սահմանափակված լինելով օրենսդրի՝ գնաճի որոշակի մակարդակի ապահովման պահանջով, ԿԲ-ն բազմիցս հարկադրված էր դիմելու հայեցողականության: 2006 թվականից անցնելով գնաճի նպատակադրման ռազմավարության, որի վերջնական նպատակը գնաճի նպատակային մակարդակն է, իսկ որպես անվանական խարիսխ է սահմանվում գնաճի կանխատեսված մակարդակը, ԿԲ-ն այլևս չի ուղղորդվում փողի ագրեգատների ցուցանիշով: Որպես գործառնական նպատակ՝ ընդունվում է կարճաժամկետ տոկոսադրույքը, սակայն, ֆինանսական կայունության ապահովման նկատառումներից ելնելով, ԿԲ-ն կիրառելու է նաև ծավալային կարգավորման մոտեցումներ:

Գնաճի մոդելի միջոցով կանխատեսելով ապագա ժամանակահատվածի գնաճը, ԿԲ-ն գնահատում է նպատակային ցուցանիշից դրա շեղումը և քաղաքականությունը ուղղորդում նպատակային և կանխատեսված ցուցանիշների միջև շեղման վերացմանը: Գործում է տոկոսադրույք - գնաճի կանխատեսված մակարդակ - գնաճ շղթան: Նախկին ռազմավարության նկատմամբ գնաճի ուղղակի նպատակադրման հիմնական առավելությունն այն է, որ եթե առաջինի պարագայում գնաճը պայմանավորող գործոն էր համարվում միայն փողի զանգվածը, ապա երկրորդի դեպքում դիտարկվում է հավանական տարբեր ազդեցություններ ունեցող գործոնների լայն դաշտ՝ ներառյալ հասարակության սպասումները ապագայի վերաբերյալ: