ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր 2006 թվական

2006 Ներածություն

2006 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը կառուցված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում,

  1. Հարկաբյուջետային քաղաքականությունը,
  2. Արտաքին հատվածը,
  3. 2005 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության ուղղությունները և միտումները,
  4. 2006 թ. դրամավարկային քաղաքականության հիմնական խնդիրները և ուղղությունները,
  5. Գնաճը,
  6. Բանկային համակարգի զարգացումները,
  7. Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը:

ՀՀ կենտրոնական բանկը 2006 թ. սկսում է գնաճի լիարժեք նպատակադրման ռազմավարության անցման գործընթացը, որի հիմնական սկզբունքները իրենց արտացոլումն են գտել դրամավարկային քաղաքականության ծրագրում: Տնտեսության առանձին ոլորտները ներկայացնող բաժիններում (բացի «Դրամավարկային քաղաքականություն» բաժնից) ընդհանուր գծերով դիտարկվում են 2005 թ. տվյալ ոլորտները բնութագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների միտումները և դրանց 2006 թ. կանխատեսումները: Կանխատեսումների հիմքերը և մեթոդաբանությունը տրվում են առանձին հավելվածներով` ըստ համապատասխան ոլորտների: Դրամավարկային քաղաքականությունը ներկայացվում է երկու առանձին բաժիններով: Առաջին բաժնում մանրամասն վերլուծվում են 2005 թ. ձևավորված դրամավարկային ցուցանիշներն ու միտումները և դրամական ագրեգատների` ծրագրային մակարդակից շեղումների պատճառները` որպես դրամավարկային քաղաքականության թափանցիկության ապահովման նախապայման:

Երկրորդում ներկայացվում է դրամավարկային քաղաքականության ներկայիս` ծավալային կարգավորման ռազմավարության փոփոխման և գնաճի լիարժեք նպատակադրմանն անցման գործընթացը սկսելու նպատակահարմարությունը: Միաժամանակ դիտարկվում են 2006 թ. դրամավարկային հիմնական ցուցանիշների կանխատեսումները, իրականացվելիք դրամավարկային քաղաքականության ուղղություններն ու կիրառվող գործիքակազմը: Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկը 2006 թ. սկսում է գնաճի լիարժեք նպատակադրման ռազմավարությանն անցման գործընթաց, «Գնաճը»  բաժնում առավել հանգամանալից ներկայացվում են գնաճի կանխատեսումները, վերջինիս հնարավոր տատանումների հավանականությունների բաշխումը` հիմնված այն հնարավոր ռիսկերի վրա, որոնք սպասելի են տնտեսության տարբեր հատվածներից: Ընդհանուր առմամբ, 2006 թ. մակրոտնտեսական միջավայրը կունենա հետևյալ պատկերը: Տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, կկազմի 10%: ՀՆԱ դեֆլյատորը կգերազանցի սպառողական գների ինդեքսի տարեկան միջին մակարդակը և կկազմի 4%: Արտաքին հատվածում ՀՆԱ-ում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի տեսակարար կշիռը 2006 թ. կանխատեսվում է 3.8%` նախորդ տարվա 3.2%-ի փոխարեն: Նշված աճը հիմնականում կարձանագրվի արտահանման նկատմամբ ներմուծման առաջանցիկ աճի հաշվին` պայմանավորված ներմուծման կառուցվածքում կապիտալ ապրանքների աճի բարձր տեմպերով:

Հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքում պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կկազմի 2.7%: Թեև պակասուրդը չունի բարձր մակարդակ, այնուհանդերձ պետական բյուջեով ստացվելիք մեծածավալ արտարժութային միջոցների (այդ թվում` Լինսի հիմնադրամի միջոցների)` Կենտրոնական բանկում փոխարկումն ու ծախսումը դրամավարկային ագրեգատների և գնաճի վրա կունենան էական ընդլայնողական ազդեցություն: Հաշվի առնելով մակրոտնտեսական միջավայրի նշված զարգացումները, ինչպես նաև 2006 թ. տարեվերջի դրությամբ գնաճի մինչև 3% նպատակային ցուցանիշի ապահովման անհրաժեշտությունը` դրամային զանգվածի և փողի բազայի համար նախորդ տարվա վերջի համեմատ կանխատեսվել են համապատասխանաբար 27.0% և 17.3% աճի տեմպեր: Ընդ որում, դրամավարկային քաղաքականությունն ուղղորդվելու է ոչ թե դրամական ագրեգատների աճի նշված տեմպերի պահպանմանը, այլ համախառն պահանջարկի կարգավորումը և գնաճի կառավարումը իրականացվելու է հիմնականում ՀՀ ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների միջոցով:

Գնաճի կանխատեսումներն իրականացվել են Կենտրոնական բանկի կողմից մշակված տնտեսամաթեմատիկական մոդելների միջոցով: Գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցման գործընթաց սկսելու կապակցությամբ կատարելագործվել է նախորդ տարի կառուցված գնաճի մոդելը: Դա հիմնված է սպառողական զամբյուղի ապրանքատեսակները ըստ գների փոփոխության վարքագծերի տարանջատման և այդ փոփոխությունները բացատրելու համար մակրոտնտեսական ցուցանիշների ընտրման սկզբունքների վրա: Գնաճի` վերը նշված մեթոդներով կանխատեսումները վկայում են, որ տնտեսության առանձին հատվածներում որոշակի ռիսկերի բացակայության պայմաններում գնաճի մինչև 3% մակարդակի ապահովումը լիովին իրատեսական է: