ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2009թ. 3-րդ եռամսյակ)

(2009/3) 2009 թվականի երկրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2009 թվականի երկրորդ եռամսյակում գնաճի վարքագիծը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորող հիմնական գործոնը տնտե­սական անկման տեմպերի աճն էր: Չնայած մարտի սկզբին տեղի ունեցած դրամի արժեզրկմանը, միջազգային շուկաներից որոշակի գնաճային ճնշումների փոխանց­մանը, ինչպես նաև ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմանը, կանխատեսվածից ավելի արագ տեմպերով ՀՆԱ անկման պայման­ներում, ընդհանուր առմամբ, ձևավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր: Ընդ որում, վերոնշյալ գործոնների ազդեցությամբ թեև գնաճի տեմպը նախորդ եռամսյակի համեմատ զգալիորեն աճել է, սակայն մոտ 1 տոկոսային կետով զիջել է կանխա­տես­վածին` գտնվելով նպատակային միջակայքի ստորին հատվածում:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում 2009 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է 4.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.6%` նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ աճելով 2.6 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները եռամսյակի ընթացքում ավելացել են 2.7%-ով (նպաստումը գնաճին` 1.4 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները 7.5%-ով (նպաստումը գնաճին` 1.2 տոկոսային կետ) և ծառայությունների սակագները 6.2%-ով (նպաստումը գնաճին` 1.9 տոկոսային կետ): Եռամսյակի ընթացքում գնաճը հիմնականում պայմանավորվել է  մրգի գնի 39.4% (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), բենզինի գնի 20.5% (նպաստումը գնաճին` 0.5 տոկոսային կետ), դեղամիջոցների գների 16.3% (նպաս­տումը գնաճին` 0.3 տոկոսային կետ), ինչպես նաև բնակարանային, կոմունալ ծառա­յությունների սակագների 18.3% (նպաստումը գնաճին` 1.3 տոկոսային կետ) աճով: ØՄիաժամանակ, բնականոն գնաճը 2009 թ. երկրորդ եռամսյակում 2.1% ¿էր, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոփոխվել` կազմելով շուրջ 3.4%: