ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2009թ. 1-ին եռամսյակ)
(2009/1) 2009 թվականի ճշգրտված կանխատեսումներ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009 թվականի մարտին ԱՄՀ-ը և Համաշխարհային բանկը վերանայեցին 2009 համաշխարհային տնտեսական աճը` 0.5 տոկոս աճի փոխարեն կանխատեսելով նվազում` առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած: Հայաստանի վրա կշարունակեն բացասաբար անդրադառնալ արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը, անբարենպաստ առևտրի պայմանները և ֆինանսական ներհոսքի թուլացումը: Համաշխարհային պահանջարկի կրճատումը նպաստում է նաև ցածր միջազգային գների պահպանմանը ողջ 2009 թվականի ընթացքում: Պետք է նշել նաև, որ բավականին բարձր է արտաքին զարգացումների կանխատեսումների անորոշության աստիճանը՝ պայմանավորված համաշխարհային ճգնաժամի խորությամբ և տնտեսության վերականգնման ժամկետների անորոշությամբ:
Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին, ապա, չնայած 2009 թվականի առաջին եռամսյակի ավարտին նկատված գների որոշակի աճի միտումներին ինչպես և նախկին գնահատականների ժամանակ, ակնկալվում է, որ և՛ էներգակիրների, և՛ արդյունաբերական մետաղների միջազգային գները կմնան հարաբերականորեն ցածր մակարդակների վրա, մինչև համաշխարհային տնտեսական աճի վերականգնման նշանների երևան գալը, որը սպասվում է միայն 2009թ-ի վերջում:
Պարենային ապրանքների, մասնավորապես հացահատիկի շուկայում, գները նույնպես կպահպանվեն դեռևս ցածր մակարդակի վրա, սակայն ապագա զարգացումները հիմնականում կախված կլինեն հացահատիկի 2009/2010 մարքեթինգային տարվա բերքի ակնկալիքներից:
Ընդհանուր առմամբ չնայած հետագա զարգացումների անորոշության բարձր աստիճանին, ակնկալվում է, որ համաշխարհային պահանջարկի կրճատման պայմաններում միջազգային գների ցածր մակարդակները կշարունակվեն պահպանվել նաև 2009 թվականի ընթացքում: