Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2010թ. 4-րդ եռամսյակ)

(2010/4) Համառոտագիր

2010 թվականի մակրոտնտեսական զարգացումների  հիմնական առանձնահատկությունը բարձր գնաճային միջավայրի ձևավորումն էր: Վերջինս պայմանավորող հիմնական գործոններից էր միջազգային շուկայում պարենային ապրանքների գների կտրուկ աճը (Համաշխարհային բանկի պարենի ինդեքսը 2010թ. աճել է 25.3%-ով), որին մեծապես նպաստել են հացահատիկի գնի տարեկան 48.6%, արևածաղկի ձեթի գնի 47.5% և շաքարավազի գնի 42.8% աճերը: Գնաճային մյուս գործոնը այս տարի գյուղատնտեսության ճյուղի արձանագրված խորը անկումն էր, ինչի հետևանքով կտրուկ նվազել է գյուղմթերքների առաջարկը և դիտվել տեղական արտադրության գյուղատնտեսական ապրանքների գների թռիչքային աճ. «Բանջարեղեն և կարտոֆիլ» պրանքախմբի գներն աճել են տ/տ 30.7%-ով, «Միրգ» պրանքախմբի գները՝ 19.0% և «Մսամթերք» պրանքախմբի գները՝ 17.6%-ով: 2010թ-ին ևս մեկ գնաճային գործոն էր ապրիլից գազի և ջրի սակագների ավելացումը: Միաժամանակ, տարվա ընթացքում ներքին պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի ստեղծել:

Նկարագրված միջավայրի ներքո 2010 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է  9.4% գնաճ, որի միայն 7.5 տոկոսային կետը պարենային ապրանքների գների աճի հաշվին էր, ընդ որում ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի հաշվին արձանագրվել է շուրջ 5 տոկոսային կետ գնաճ և ավելի քան 2 տոկոսային կետ  գնաճ արձանագրվել է ներմուծվող պարենային ապրանքների գների աճի հաշվին: 2010 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված միջին գնաճը նախորդ տարվա միջինի նկատմամբ կազմել է 8.2%:

2010 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված տնտեսական աճը, ինչպես և ակնկալվում էր, կազմել է տ/տ 2.6%: Ինչպես չորրորդ եռամսյակում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում, տնտեսական աճին մեծապես նպաստել են ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Այսպես, արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ճյուղում հունվար-դեկտեմբերին արձանագրվել է ավելացված արժեքի համապատասխանաբար տ/տ 9.5%, 4.6% և 3.7% աճեր, մինչդեռ գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է խոշոր անկում՝ տ/տ 13.4%:

2010 թվականի ընթացքում նկատվել է աշխատանքի շուկայի ցուցանիշների բարելավում: Այսպես` պաշտոնապես գրանցված գործազրկության միջին եռամսյակային մակարդակը նվազել է` արտահայտելով աշխատուժի նկատմամբ պահանջարկի ավելացումը: 2010 թվականին անվանական աշխատավարձերի աճը փոքր ինչ գերազանցել է աշխատանքի արտադրողականության աճին` հանգեցնելով  միավոր աշխատուժի ծախսերի որոշակի աճի: Արդյունքում՝ տարվա ընթացքում տնտեսությունում առաջացել են թույլ գնաճային ճնշումներ` շուրջ 0.3 տոկոսային կետի չափով:

2010 թվականի ընթացքում մասնավոր հատվածի ծախսումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 4%: Պետական  ծախսումների բարձր դեֆլյատորի պարագայում, պետական ծախսումներն իրական արտահայտությամբ նվազել են մոտ 3%-ով, արդյունքում ներքին պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 3%-ով: Մասնավոր ծախսումների կազմում մասնավոր սպառումն աճել է շուրջ 6%-ով, իսկ մասնավոր ներդրումների ծավալները նախորդ տարվա համեմատ մնացել են անփոփոխ:  

Չնայած 2010 թվականի ընթացքում մասնավոր ծախսումներն աճել են, վերջիններս գնաճի վրա ունեցել են զսպող ազդեցություն: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` մասնավոր հատվածի իրական ծախսումները տարվա ընթացքում 0-3% ցածր են գտնվել հավասարակշիռ մակարդակից` սպառողական շուկայում առաջացնելով գնանկումային ճնշումներ 0.2 - 0.9 տոկոսային կետի չափով:

2010 թվականի արդյունքում համախառն պահանջարկի և հետևաբար գնաճի վրա հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է կանխատեսվածից ավելի մեծ ընդլայնող ազդեցություն, որի պարագայում հարկաբյուջետային ազդակի գնահատված ցուցանիշը կազմել է 3.5 տոկոսային կետ: Ընդ որում, եկամուտների ազդակը կազմել է 0.4 զսպող, իսկ ծախսերինը` 3.9 տոկոսային կետ ընդլայնող: Ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի` վերը նշված զարգացումների պայմաններում տնտեսությունում տարվա ընթացքում նկատվել են որոշակի գնաճային ճնշումներ, որոնք ըստ ՀՀ ԿԲ գնահատումների կազմել են  0.5 – 0.8 տոկոսային կետ:

2010թ. ընթացքում համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացումների պայմաններում ընթացիկ հաշիվը բարելավվել է: Տարվա վերջին եռամսյակում հատկանշական է եղել հիմնական մետաղների միջազգային գների աճի տեմպերի արագացումը, ինչը գերազանցել է սպասումները: Վերջինս արդունաբերության ճյուղում աճի բարձր տեմպերի պահպանման պարագայում վառ դրսևորվել է տարեվերջին արտահանման դոլարային աճի տեմպերի արագացմամբ: Ներմուծման բարձր աճը պահպանվել է առաջին կիսամյակում, իսկ երկրորդ կիսամյակից սկսած ներմուծման աճի տեմպերի կտրուկ դանդաղում է արձանագրվել, ինչը պայմանավորվել է տնտեսվարող սուբյեկտների բյուջետային սահմանափակման պամաններում ներմուծման գների աճի տեմպերի արագացմամբ: Վերը նշված զարգացումների արդյունքում ընթացիկ հաշիվը բարելավվել է և կազմել ՀՆԱ մոտ 14.0%-ը` նախորդ տարվա 16.2%-ի դիմաց:

Վերոնշյալ զարգացումներով էլ պայմանավորվել են գնաճի նպատակի իրագործման ընթացքը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները տարվա ընթացքում: Տարվա առաջին կեսին դրամավարկային պայմանների խստացման (վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2.25 տոկոսային կետով բարձրացում) արդյունքում ԿԲ-ին հաջողվել է 12-ամսյա գնաճը մոտեցնել նպատակային միջակայքի վերին սահմանին: Սակայն հունիսից իրավիճակը կտրուկ փոխվել է. գնաճի զարգացումների վրա գերակայել են դրսևորված առաջարկի շոկի` գյուղատնտեսության ճյուղի խորը անկման հետևանքով գյուղմթերքների առաջարկի կտրուկ նվազման ու գների թռիչքային աճի և միջազգային շուկայում պարենային ապրանքների գների կտրուկ աճի ազդեցությունները: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկի գործոնները ենթակա չեն դրամավարկային կարգավորմանը և այն գնահատումը, որ շատ քիչ է հաջորդ տարում ևս այս տարի գյուղատնտեսության ճյուղում արձանագրված միտումների դրսևորման ու գյուղատնտեսական ապրանքների բարձր գների պահպանման հավանականությունը, ԿԲ-ն տարվա երկրորդ կեսին առավելապես վարել է պահպանողական քաղաքականություն` ձեռնպահ մնալով դրամավարկային պայմանների խստացումից: Տարեվերջին, միջազգային պարենային ապրանքներին գների աճի տեմպերի արագացման և հետագայում գնաճային ֆոնի ուժգնացման կանխատեսումների ներքո, ԿԲ-ն իր հրապարակումներում հստակ ազդակներ է տվել դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:   

2010 թվականի հիմնական առանձնահատկությունների, այն է՝ տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման և իրականացված ապադոլարացման միջոցառումների համատեքստում տարվա կտրվածքով ձևավորվել են դրամավարկային հիմնական ցուցանիշների հետևյալ վարքագծերը. փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 11.8 և 15.7%-ով՝ փողի բազայի գրեթե անփոփոխ մակարդակի պարագայում: Դրամային ավանդներն ունեցել են արտարժութային ավանդների համեմատ առաջանցիկ աճ` համապատասխանաբար 29.0 և 7.0%, ինչի արդյունքում դոլարացման մակարդակը տարվա կտրվածքով նվազել է 4.2%-ով: Այդուհանդերձ, դրամավարկային քաղաքականության խստացման պարագայում անգամ տարվա ընթացքում արձանագրվել են տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպեր` 26.7%, որը ավելի քան երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և առավելապես պայմանավորվել է ԿԲ-ում բանկերի արտարժութային թղթակցային հաշիվների ավելցուկային միջոցների և արտերկրից ներգրավված վարկային ռեսուրսների օգտագործմամբ: