Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2011թ. 4-րդ եռամսյակ)
(2011/4) Համառոտագիր
2011 թվականի չորրորդ եռամսյակում գնաճային միջավայրը շարունակել է թուլանալ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին ձևավորվել է նպատակային թիրախի սահմաններում: Վերջինիս նպաստել են և՚ ներքին, և՚ արտաքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները: Մասնավորապես, համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները շարունակել են նվազել: Միաժամանակ, տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման, իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականության, ներքին պահանաջարկի դանդաղ տեմպերով վերականգնման և գյուղատնտեսության ոլորտում ապրանքների առաջարկի ավելացմամբ պայմանավորված` ներքին միջավայրում գնաճային ճնշումներ չեն դրսևորվել:
Վերոնշյալ գործոնների ազդեցությամբ պայմանավորված, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 1.5 տոկոսային կետով և կազմել 4.7%: Ընդ որում պարենային ապրանքների գների աճի նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է 3.1 տոկոսային կետ, որից 2.3 տոկոսային կետը բաժին է ընկել «Շաքարավազե, «Սուրճ, թեյ, կակաոե և «Մսամթերքե ապրանքախմբերին, իսկ ոչ պարենային ապրանքներին գների և ծառայությունների սակագների նպաստումը կազմել է համապատասխանաբար 0.7 և 0.9 տոկոսային կետ:
Ինչ վերաբերում է 2011 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճի տ/տ ցուցանիշին, հարկ է նշել, որ ՏԱՑ-ի ցուցանիշի վրա հիմնված ՀՀ ԿԲ գնահատականները չեն շեղվել կանխատեսված սցենարից և գտնվում է 4.1-4.5% միջակայքում: Ընդ որում, նախորդ կանխատեսումներում նախանշված՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում աճի ուղղությամբ, իսկ շինարարության ճյուղում՝ նվազման ուղղությամբ ռիսկերի դրսևորման արդյունքում, վերջինիս անկումը ամբողջությամբ փոխհատուցվում է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում ակնկալվածից բարձր աճով:
Տնտեսական աճը նշված ժամանակահատվածում հիմնականում պայմանավորված է արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի համար գնահատված համապատասխանաբար տ/տ 17.0%, 14.5% և 3.1% աճերով: Ինչ վերաբերում է շինարարության ճյուղին, ապա այստեղ, ըստ գնահատումների, ավելացված արժեքը կնվազի տ/տ շուրջ 13%-ով:
2011 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում պաշտոնապես գրանցված գործազրկության միջին եռամսյակային մակարդակը նվազել է` արտահայտելով աշխատուժի նկատմամբ պահանջարկի ավելացումը: Չնայած չորրորդ եռամսյակում արտադրողականության աճի տեմպի դանդաղմանը` անվանական աշխատավարձերի աճը էականորեն չի դանդաղել ի համեմատ նախորդ եռամսյակների`արտահայտելով աշխատուժի շուկայում կոշտությունների առկայությունը: Արդյունքում, տնտեսությունում մեկ միավոր արտադրանքին բաժին ընկնող աշխատուժի ծախսերը փոքր ինչ ավելացել են տնտեսությունում ստեղծելով թույլ գնաճային ճնշումներ:
2011 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր հատվածի ծախսումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ տ/տ 3.5%-ով: Պետական ծախսումներն իրական արտահայտությամբ աճել են տ/տ 1.2%-ով, իսկ ներքին պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է տ/տ 3.7%-ով: Նշենք ,որ չորրորդ եռամսյակում մասնավոր ծախսումների աճի տեմպը դանդաղել է պայմանավորված արտաքին ու ներքին գործոններով:
Մասնավոր ծախսումների աճի տեմպերի դանդաղման պայմաններում, 2011 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր ծախսումների ճեղքը, չնայած շարունակական փոքրացմանը, դեռևս մնացել է բացասական: Վերոնշյալ զարգացումների պայմաններում գնահատվում է, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծախսումներն ունեցել են թույլ գնանկումային ազդեցություն տ/տ 0.1-0.2 տոկոսային կետի չափով:
2011 թվականի չորրորդ եռամսյակում շարունակվել է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը, որը դրսևորվել է ծրագրվածին համապատասխան եկամուտների հավաքագրմամբ և պետական որոշ ծախսերի գծով տնտեսումների ձևավորմամբ: Արդյունքում, համախառն պահանջարկի և հետևաբար գնաճի վրա հարկաբյուջետային քաղաքականությունը կանխատեսված չեզոքի դիմաց ունեցել է 0.9 տոկոսային կետ զսպող ազդեցություն: Վերջինս պայմանավորված է կանխատեսվածին համապատասխան եկամուտների զսպող և ծախսերի նախատեսված ընդլայնողի դիմաց չեզոք ազդեցությունների ձևավորմամբ:
Տարվա արդյունքում ևս հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է 1.3 տոկոսային կետ զսպող ազդեցություն, որը հիմնականում պայմանավորված է ծախսերի վերը նշված տնտեսումների հետևանքով ձևավորված զսպողական ազդեցությամբ:
Ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի` վերը նշված զարգացումների պայմաններում տնտեսությունում 2011 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում նկատվել են գնանկումային ճնշումներ, որոնք ըստ ՀՀ ԿԲ գնահատումների կազմել են տ/տ 0.5 – 0.6 տոկոսային կետ:
2011թ. ընթացքում ընթացիկ հաշիվը բավականաչափ բարելավվել է և ըստ գնահատումների կկազմի ՀՆԱ մոտ 11.8%-ը` նախորդ տարվա 14.5%-ի դիմաց: Ինչ վերաբերում է 2011թ. չորրորդ եռամսյակի զարգացումներին, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի շարունակվող դանդաղման և վատատեսական նոր սպասումների կուտակման պարագայում, այնուամենայնիվ, շարունակվել է ընթացիկ հաշվի տ/տ բարելավումը: Այսպես` նշված երևույթները ներքին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղման հետ մեկտեղ հանգեցրել են արտահանման և ներմուծման, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխանցումների դոլարային աճի տեմպերի դանդաղման: Մետաղների միջազգային գների նվազման պայմաններում արտահանման իրական ծավալների բարձր աճը շարունակվել է, ինչը պայմանավորվել է արդյունաբերության բարձր աճի պահպանմամբ: Ներմուծման իրական ծավալների աճը նույնպես պահպանվել է չորրորդ եռամսյակում, ինչը մասամբ կրում է նախորդ տարվա չորրորդ եռամսյակում արձանագրված իրական ծավալների տ/տ նվազման բարձր տեմպերը: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների աճի տեմպերը դանդաղել են չորրորդ եռամսյակում, ինչը կրում է չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության զարգացումների ազդեցությունը: Նշված զարգացումների արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը 2011թ. չորրորդ եռամսյակում տ/տ նվազել է 30.7 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 288.2 մլն ԱՄՆ դոլար:
Գնաճի նպատակի իրագործման ընթացքը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները չորրորդ եռամսյակում պայմանավորվել են ինչպես ձևավորված մակրոտնտեսական միջավայրի պայմաններում գնաճային միջավայրի շարունակական թուլացման միտումներով, այնպես էլ կանխատեսվող հորիզոնում գնաճի հետագա վարքագիծը պայմանավորող մակրոտնտեսական զարգացումների ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության գնահատականներով: Արդյունքում, «Դրամավարկային քաղաքականության 2011 թվականի 4-րդ եռամսյակի ծրագրումե նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունները պահպանվել են և ԿԲ-ը իրականացրել է չեզոք դրամավարկային քաղաքականություն:
Չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության զարգացումներն հիմնականում համահունչ են եղել ակնկալվող սցենարին, այդուհանդերձ, տարին ամփոփվել է դրամավարկային գրեթե բոլոր ցուցանիշների գծով տարեկան աճի տեմպերի փոքր-ինչ գերազանցմամբ: Այսպես, փողի զանգվածը չորրորդ եռամսյակում ավելացել է 10.4%-ով, դրամային զանգվածը՝ 11.4%-ով, իսկ փողի բազան` 17.6%-ով: Տարեսկզբից տնտեսության դոլարայնացման աստիճանի շարունակաբար նվազող միտումները պահպանվել են նաև չորրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի նկատմամբ 0.5 և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 1.3 տոկոսային կետով: Տարվա վերջին եռամսյակն աչքի է ընկել նախորդ եռամսյակների համեմատ տնտեսության վարկավորման ամենաբարձր աճով` 8.9%, որի կառուցվածքում այս եռամսյակ ևս դիտվել է արտարժույթով վարկերի բարձր տեմպերով աճ` շուրջ 11.0%, այն դեպքում, երբ դրամով վարկերի աճի տեմպը որոշակիորեն զիջել է վերջիններիս աճին` կազմելով 6.6%: