Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2011թ. 2-րդ եռամսյակ)

(2011/2) Համառոտագիր

2011 թվականի երկրորդ եռամսյակը բեկումնային էր գնաճային միջավայրի թուլացման առումով: Հատկանշական է, որ վերջինիս նպաստեցին ինչպես ներքին միջավայրի զարգացումները, այդ թվում տարեսզկբին ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը, այնպես էլ տնտեսության արտաքին հատվածի զարգացումները: Մասնավորապես, եռամսյակի սկզբում միջազգային շուկաներում դրևորված տատանողականությունից հետո և՚ պարենային, և՚ հումքային ապրանքների գները հարաբերականորեն կայուն վարքագիծ ցուցաբերեցին, իսկ մի շարք ապրանքատեսակների մասով նույնիսկ որոշակի նվազում արձանագրվեց: Միաժամանակ, ներքին պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնմամբ, իրականացված զսպողական հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների ազդեցությամբ և գյուղատնտեսության ոլորտում ապրանքների առաջարկի ավելացմամբ պայմանավորված` ներքին միջավայրից եկող գնաճային ճնշումներ չդրսևորվեցին:

Նկարագրված միջավայրի ներքո երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով շուրջ 3 տոկոսային կետով, ընդ որում, պարենային ապրանքների գների աճի նպաստումն ընդհանուր գնաճին կազմել է 7.3 տոկոսային կետ, որից գյուղատնտեսական ապրանքների գների աճի նպաստումը` 4.2 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 3.0 տոկոսային կետ: Ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճի նպաստումները 12-ամսյա գնաճին կազմել են համապատասխանաբար` 0.5 և 0.8 տոկոսային կետ:

Հաշվի առնելով 2011թ. երկրորդ եռամսյակում արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում ակնկալվածից բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ի հունվար - հունիս տ/տ աճ՝ 4.5%) 2011թ. հունվար - հունիս ժամանակահատվածում, ըստ  ԿԲ գնահատումների, կարձանագրվի համեմատաբար բարձր տ/տ 3,9 - 5% տնտեսական աճ: Աճը հիմնականում կապահովվի արդյունաբերութան և ծառայությունների ճյուղերում գնահատվող համապատասխանաբար  տ/տ  շուրջ 15% և 4.2% աճերով:

2011 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում պաշտոնապես գրանցված գործազրկության միջին եռամսյակային մակարդակը նվազել է` արտահայտելով 

աշխատուժի նկատմամբ պահանջարկի ավելացումը: Նույն ժամանակահատվածում անվանական աշխատավարձերի աճը համահունչ է եղել աշխատանքի արտադրողականության աճին: Արդյունքում տնտեսությունում մեկ միավոր արտադրանքին բաժին ընկնող  աշխատուժի ծախսերի էական փոփոխություն տեղի չի ունեցել:Այսպիսով կարելի է փաստել, որ միավոր աշխատուժի ծախսերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա երկրորդ եռամսյակում եղել է չեզոք:

2011 թվականի երկրորդ եռամսյակում մասնավոր հատվածի ծախսումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 6%: Պետական ծախսումներն իրական արտահայտությամբ նվազել են մոտ 9%-ով, իսկ ներքին պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4%-ով: Մասնավոր ծախսումների կազմում մասնավոր սպառումն աճել է շուրջ 7%-ով, իսկ մասնավոր ներդրումների ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.5%-ով: 

Գնահատվում է, որ 2011 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում մասնավոր ծախսումների աճի արդյունքում չեզոքացել է մասնավոր ծախսումների և վերջիններիս պոտենցիալ մակարդակի միջև ձևավորված ճեղքը, որն առաջացել էր 2009 թվականին ճգնաժամի հետևանքով: Վերը նշված զարգացումների պայմաններում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծախսումները գնաճի վրա ունեցել են չեզոք ազդեցություն:

2011 թվականի երկրորդ եռամսյակում համախառն պահանջարկի և հետևաբար գնաճի վրա հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ըստ հարկաբյուջետային ազդակի գնահատված ցուցանիշի, կանխատեսված չեզոքի դիմաց ունեցել է 3.1 տոկոսային կետ զսպող ազդեցություն: Այն պայմանավորված է եկամուտների 1.3 ընդլայնող և ծախսերի -4.4 զսպող ազդակներով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում համախառն պահանջարկի վրա իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը մասամբ չեզոքացնելով  2010 թվ. տարեվերջի ընդլայնող ազդեցությունը՝  արդյունքում ևս ունեցել է  զսպողական  ազդեցություն:

Ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի` վերը նշված զարգացումների պայմաններում տնտեսությունում 2011 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում նկատվել են  գնանկումային ճնշումներ, որոնք ըստ ՀՀ ԿԲ գնահատումների կազմել են  0.4 - 0.6  տոկոսային կետ:

2011թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացումների ներքո ընթացիկ հաշիվը բարելավվել է: Մետաղների միջազգային գների բարձր մակարդակի պահպանման պայմաններում արտահանման աճը գերազանցել է սպասումները: Ներմուծման ցուցանիշը նույնպես գերազանցել է սպասումները, ինչը հիմնականում պայմանավորվել է մասնավոր սպառման առաջանցիկ աճով: Ապրանքների ներմուծման իրական ծավալների մասով,  ըստ գնահատականների, արձանագրվել է նվազում` գնային ցուցանիշների կանխատեսվածին համահունչ լինելու պայմաններում: Միևնույն ժամանակ համաշխարհային տնտեսության աճի պայմաններում տրանսֆերտների բարձր աճը շարունակվել է: Նշված զարգացումների արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը երկրորդ եռամսյակում նվազել է տ/տ 50.6 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 317.0 մլն ԱՄՆ դոլար: 2011թ. առաջին կիսամյակում ընթացիկ հաշվի կշիռը ՀՆԱ-ում բարելավվել է և կազմել է 19.0% (նախորդ տարվա առաջին կիսամյակում 23.3%):

Վերոնշյալ զարգացումներով էլ պայմանավորվել են գնաճի նպատակի իրագործման ընթացքը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները երկրորդ եռամսյակում: Երկրորդ եռամսյակի սկզբում` հիմնականում արտաքին հատվածում դրսևորվող ռիսկերի և կանխատեսվող հորիզոնում դեռևս գնաճի թիրախի գերազանցման գնահատականների պայմաններում ԿԲ-ը, թերևս ավելի դանդաղ տեմպով, բայց շարունակեl է խստացնել դրամավարկային պայմանները: Սակայն արդեն իսկ մայիս-հունիս ամիսներին ակնհայտ դրսևորվեցին գնաճային մջավայրի կայունացման և նույնիսկ որոշակի մեղմման միտումներ: Միաժամանակ, տարեսկզբին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և իրացվելիության կառավարման համադրված քաղաքականությունը ցանկալի արդյունքներ ունեցավ նաև ֆինանսական հատվածի մյուս տոկոսադրույքների վրա: Այս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ առկա են գնաճի տեմպերի կանխատեսվածի համեմատ առաջանցիկ տեմպերով նվազման նախադրյալներ: Նկարագրված միջավայրում և փաստացի գնաճի նվազման միտումների պայմաններում ԿԲ-ը մայիսից դադարեցրել է դրամավարկային պայմանների խստացումը` փոխարենը վարելով չեզոք դրամավարկային քաղաքականություն:

Երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության զարգացումներն հիմնականում համահունչ են եղել ակնկալվող սցենարին: Ասպես, փողի զանգվածը երկրորդ եռամսյակում ավելացել է 4.5%-ով, դրամային զանգվածը՝ 6.5%-ով, իսկ փողի բազան` 2.7%-ով: Չնայած տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացմանը, երկրորդ եռամսյակում շարունակվել է վարկավորման ծավալների բարձր աճը` 8.7%, որի կառուցվածքում այս եռամսյակ արձանագրվել է դրամով և արտարժույթով վարկերի գրեթե համասարաչափ աճի տեմպ` 8.7%, այդուհանդերձ բացարձակ արտահայտությամբ դեռևս գերակշռում են արտարժույթով տրամադրված վարկերը: