ՀՀ դրամավարկային քաղաքականության 2003 թվականի ծրագիր

2003. Ներածություն

2003 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը բխում է միջին ժամկետ տնտեսական զարգացման ուղղություններից, այն է` տնտեսական աճի և սղաճի ձեռք բերված մակարդակների, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանում, վճարային հաշվեկշռի շարունակական բարելավում: Ծրագիրը կառուցված է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և ներկայացնում է 2002 թվականին մակրոտնտեսական միջավայրում տնտեսության բոլոր հատվածների զարգացումների վերլուծությունն ու 2003 թվականի համար կանխատեսումները` առավել մանրամասնելով դրամավարկային քաղաքականության ընթացքը, խնդիրներն ու զարգացման ուղղությունները (տե՛ս հավելված 2): 2003 թվականին դրամավարկային քաղաքականության իրականացման մակրոտնտեսական միջավայրը հիմնականում կունենա նույն դրսևորումները, ինչ որ՝ 2002 թվականին՝ պայմանավորված 2003 թվականին նույնպես ակնկալվող ֆինանսական զգալի ներհոսքով: Այնուհանդերձ տնտեսության ֆինանսական հատվածում սպասվող զարգացումները կարելի է համարել առանձնահատուկ 2003 թվականի համար: Մասնավորապես ավանդների ապահովագրության համակարգի ներդրումը, բանկային համակարգի առողջացման շարունակական գործընթացը և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների ստեղծման և զարգացման համար առկա նախադրյալները էական խթան կհանդիսանան ֆինանսական միջնորդության առավել ընդլայնման համար:

Ծրագրի առաջին՝ «Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում» բաժնում ներկայացվում են ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի 2002 թ. զարգացումները պայմանավորող գործոնները: Մասնավորապես, շեշտադրվում է արդյունաբերության և շինարարության ճյուղերի հաշվին 2002 թվականին ամբողջական առաջարկի իրական աճի բարձր տեմպի արձանագրումը և նույն միտումների շարունակումը հաջորդ տարվա ընթացքում: Ընդ որում, տնտեսության մյուս ճյուղերին վերաբերող կանխատեսումները ևս վկայում են, որ ամբողջական առաջարկի իրական աճը կունենա կայուն վարքագիծ: Ամբողջական պահանջարկը կունենա աճի բավարար տեմպեր, ինչը խթանող հիմնական գործոններ են դիտարկվում, ինչպես և 2002 թվականին, Լինսի հիմնադրամի դրամաշնորհի և պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին միջոցների ստացումն ու ծախսումը: Մասնավոր սպառումը, որպես համախառն պահանջարկի հիմնական տարր, կշարունակի պահպանել եկամուտների աճից համեմատաբար ցածր աճի տեմպեր: Նշվածը դիտարկվում է որպես տնտեսությունում խնայողությունների աճի աստիճանական արագացման, ինչպես նաև եկամուտների բևեռացման՝ դեռևս պահպանվող բարձր մակարդակի արդյունք: Այս բաժնում ներկայացվում են նաև ՀՆԱ ճյուղային և ծախսային դեֆլյատորները և վերջիններիս համադրմամբ գնահատված ՀՆԱ դեֆլյատորը: Ծրագրի «Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժինը նախ անդրադառնում է 2002 թվականի հարկաբյուջետային քաղաքականության ընթացքին` շեշտադրելով նախորդ տարիների համեմատ հարկերի հավաքագրման աճի բարձր տեմպերը և տարեկան ծրագրի կատարումը: Այնուհետև ներկայացվում են այն հիմնախնդիրները, որոնք բարդացրել են համախառն պահանջարկի կառավարման և դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացման գործընթացները` առանձնացնելով ՀՆԱ-ում հարկերի՝ դեռևս պահպանվող ցածր մակարդակը, հարկերի հավաքագրման խիստ անհամաչափությունը յուրաքանչյուր ամսվա ընթացքում և պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին միջոցների ստացման ձգձգումները: 2003 թվականի պետբյուջեի ծրագրային ցուցանիշների առնչությամբ նշվում է, որ համախառն պահանջարկի ծրագրային մակարդակի վրա ծախսերի և եկամուտների զուտ ազդեցությունը կլինի փոքր - ինչ ընդլայնողական, իսկ ՀՆԱ-ում առաջնային պակասուրդի ցուցանիշը կհանգեցնի ՀՆԱ-ում արտաքին պարտքի տեսակարար կշռի՝ 2002 թվականի մակարդակի պահպանմանը:

«Արտաքին հատված» բաժնում դիտարկվում են վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բաղադրատարրերի և պակասուրդի ակնկալվող միտումները, դրա ֆինանսավորման ինքնավար աղբյուրներն ու դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում ակնկալվող արտաքին պահուստների փոփոխությունը: Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդի (ներառյալ պաշտոնական տրանսֆերտները) տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 2002 թվականի համեմատ փոքր-ինչ կնվազի` հիմնականում ներմուծման համեմատ արտահանման աճի տեմպերի գերազանցման հաշվին: Ներկայացվում են նաև իրական արդյունավետ փոխարժեքի, առևտրի պայմանների, ինչպես նաև ներմուծման և արտահանման գների կանխատեսումները 2003 թվականի համար:

«Սղաճը» բաժնում շեշտադրվում են այն հիմնական գործոնները, որոնց ազդեցությամբ, 2002 թվականին արձանագրված եկամուտների բարձր աճի տեմպերի և ԿԲ կողմից իրականացված առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականության պայմաններում, գրանցվել է 2.0% սղաճ: 2003 թվականի համար հաշվարկվել է իրական աշխատավարձերի և արտադրողականության տարբերության, ներմուծման գների և ՀՆԱ-ում անուղղակի հարկերի տեսակարար կշռի ցուցանիշների փոփոխությունների, որպես առաջարկի ծախսային գործոնների հնարավոր ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա: Նույն սկզբունքով հաշվարկվել են սպառողական գների վրա 2003 թվականին այդ գործոնների հնարավոր ազդեցությունները: Հաշվի առնելով վերոնշյալը և սղաճի ցածր մակարդակի կարևորությունը՝ 2003 թվականի համար, համատեղ տնտեսական ծրագրով, սահմանվել է սղաճի մինչև 3% ցանկալի մակարդակ:

«2002 թվականի դրամավարկային քաղաքականության ուղղությունները և միտումները»  բաժնում ներկայացվում են տարվա ընթացքում տնտեսական աճի և սղաճի վարքագծերի, ինչպես նաև ֆինանսական հոսքերով պայմանավորված՝ փողի պահանջարկի դրսևորումները և փողի առաջարկի կարգավորման խնդիրները:

Փողի ագրեգատների աճի միտումները մեկնաբանվում են ըստ առանձին բաղադրատարրերի, որոնց վարքագծերը վկայում են ֆինանսական միջնորդության խորացման մասին: Ընդ որում, դրամային ավանդները նախորդ տարիների համեմատ ունեցել են աճի անհամեմատ բարձր տեմպեր: Փողի ագրեգատների վարքագծերը մեկնաբանելիս հաշվի է առնվել 2002 թվականի հունվարից դրանց հաշվարկում միայն 22 բանկերի ցուցանիշների ընդգրկումը (դրամավարկային ցուցանիշների հաշվարկից հանվել են այն 6 բանկերի ցուցանիշները, որտեղ ՀՀ ԿԲ կողմից նշանակված է ժամանակավոր ադմինիստրացիա կամ գտնվել են խնամակալության տակ): Տարվա ընթացքում իրականացրած դրամավարկային քաղաքականությունը, որն ուղղվել է սղաճի տարեկան նպատակային ցուցանիշի ապահովմանը, գնահատվում է որպես բավարար ընդլայնողական, ինչի մասին է վկայում դրամավարկային պայմանների ինդեքսի տարեկան նվազողական վարքագիծը: Տրվում են նաև 7 դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման ընթացքի (որն աչքի չի ընկել արդյունավետության ավելացմամբ) գնահատումներ` հատկապես բանկային համակարգի ընթացիկ իրացվելիության և համախառն պահանջարկի սահուն կառավարման տեսանկյունից: Դա հիմնականում պատճառաբանվում է հարկերի հավաքագրման խիստ անհամաչափությամբ և ամիսների ընթացքում միասնական հաշվում միջոցների խոշորածավալ կուտակումներով:

Ելնելով ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումներից, միջին ժամկետ տնտեսական զարգացման ուղղություններից և սղաճի մինչև 3% մակարդակի նպատակադրումից, 2003 թվականի համար կատարվել են դրամավարկային ցուցանիշների կանխատեսումներ, որոնք ներկայացված են «2003 թվականի դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բաժնում: Փողի ագրեգատների միջին տարեկան աճի տեմպերը (նույնիսկ 2002 թ. տարեվերջի նկատմամբ դրանց ցածր աճի տեմպերի ծրագրման պայմաններում), կշարունակեն զգալիորեն գերազանցել անվանական ՀՆԱ աճի տեմպը` պայմանավորված նախ և առաջ 2002 թվականի վերջին պետբյուջեի արտարժութային մեծածավալ հոսքերի՝ ԿԲ-ում փոխարկման պատճառով փողի առաջարկի կտրուկ աճով: Արտարժութային և հատկապես դրամային ավանդների շարունակական աճերի կանխատեսումների և պարտադիր պահուստավորման նորմայի՝ 2003 թվականի հուլիսից նվազեցման պարագայում կաճեն փողի և դրամային բազմարկիչները: Որպես հետևանք, փողի բազայի աճի տարեկան միջին տեմպը կզիջի փողի և դրամային զանգվածների աճի տեմպերին, բայց կգերազանցի անվանական ՀՆԱ աճի տեմպը: Ընդ որում, հաշվի առնելով 2002 թվականի վերջին փողի բազայի՝ արդեն իսկ խոշորածավալ աճը և 2003 թվականին ակնկալվող ֆինանսական ներհոսքը, տարվա ընթացքում առավելապես կկիրառվեն դրամավարկային քաղաքականության ներքաշող գործիքներ: Ծրագրում կարևորվում է նաև հարկաբյուջետային քաղաքականության հետ կոորդինացման արդյունավետության բարձրացումը՝ բանկային համակարգում իրացվելիության տատանումները մեղմելու և ամբողջական պահանջարկը առավել սահուն կառավարելու նպատակով: Փողի ագրեգատների ծրագրված աճերի և բանկային համակարգի վարկային պորտֆելի որակական բարելավման պայմաններում կանխատեսվում է ոչ միայն տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի, այլ նաև վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերության նվազում:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի իրականացումը, բնականաբար, ներառում է նաև ռիսկեր` կապված տնտեսության առանձին հատվածներում ակնկալվող զարգացումներից հնարավոր էական շեղումների առաջացման հետ: Այս մասին մանրամասն խոսվում է «Դրամավարկային քաղաքականության ծրագրի իրագործման ռիսկերը» բաժնում: Ռիսկերի դրսևորումների դեպքում, դրանց ազդեցությունները չեզոքացնելու և սղաճի նպատակային ցուցանիշն ապահովելու նկատառումներից ելնելով` քննարկվում են դրամավարկային ծրագրի վերանայումների հնարավոր տարբերակները: «Բանկային համակարգի զարգացումը» բաժնում նշվում է, որ 2002 թվականի ընթացքում բանկային համակարգը թևակոխել է որակական նոր՝ առողջացման փուլ, որն ուղեկցվել է ՀՀ ԿԲ կողմից թույլ և անվճարունակ բանկերի անարդյունավետ գործունեության կանխմամբ և համակարգի առողջացման գործընթացի հետագա ամրապնդման համար մի շարք օրենսդրական և նորմատիվային ակտերի ընդունմամբ: Վերջիններից առանձնացվում է օրենքում ամրագրված բանկային ավանդների երաշխավորման ինստիտուտի, վարկային ռեգիստրի և վարկային կազմակերպությունների ստեղծումը: Նշված միջոցառումների և բանկային համակարգի բարեփոխումների՝ մինչև 2005 թվականն ընդգրկող ծրագիրն արդյունքում ենթադրում է առավել ամուր և կայուն բանկային համակարգ, դրա շահութաբերության և ֆինանսական միջնորդության շարունակական աճ:

Ծրագրի վերջին՝ «Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը» բաժինը ներկայացնում է բանկային համակարգի զարգացմանը, ֆինանսական և բանկային ծառայությունների ընդլայնմանն ու մատուցման մակարդակի բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումները: Մասնավորապես, անկանխիկ շրջանառությունը խթանելու նպատակով նախատեսվում է ընդլայնել պլաստիկ քարտերի՝ որպես վճարամիջոցի օգտագործումը ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում, այլ նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներում: 2003 թվականին ԿԲ-ն շարունակելու է նաև վճարային համակարգերի գործունեության կատարելագործման և վճարահաշվարկային բնագավառի կանոնակարգման աշխատանքները: