Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2010թ. 1-ին եռամսյակ)
(2010/1) Համառոտագիր
2010 թվականի առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական զարգացումները բնորոշվել են դեռևս նախորդ տարեվերջից փոխանցվող գնաճային ճնշումներով, ինչպես նաև համաշխարհային և ներքին տնտեսության վերականգնման տեմպերի զգալի արագացմամբ: Գնաճային միջավայրի պահպանմանը նպաստել են համաշխարհային տնտեսության դրական զարգացումների պայմաններում միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գների պահպանումը, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների` նախորդ տարվանից փոխանցվող ընդլայնողական ազդեցությունները և բացասական սպասումներով պայմանավորված դրամի արժեզրկման դրսևորումները:
2010 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 2.9% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 2.3 տոկոսային կետով, կազմել է 8.8%: Հատկանշական է, որ նման բարձր ցուցանիշի ձևավորմանը նպաստել են ոչ միայն վերոնշյալ գնաճային գործոնները, այլև նախորդ տարվա առաջին եռամսյակում արձանագրված ցածր գնաճը, ինչը բնորոշ չէր այդ ժամանակահատվածին: Սպառողական զամբյուղի կազմում պարենային ապրանքների գներն աճել են 4.3%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին` 2.3 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.1%-ով (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 1.3%-ով (նպաստումը գնաճին` 0.4 տոկոսային կետ): Գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի գնի` 9.2% (նպաստումը ընդհանուր գնաճին` 0.9 տոկոսային կետ), բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գնի՝ 22.9% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 1.1 տոկոսային կետ) և բուժսպասարկման ծառայությունների սակագների 2.9% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.3 տոկոսային կետ) աճով: Գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվել է նաև բնականոն գնաճի վարքագծում:
Վերջինս 2010 թ. առաջին եռամսյակում կազմել է 2.1% , որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը, նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ, ավելացել է 1.9 տոկոսային կետով` կազմելով շուրջ 7.1%:
Չնայած նշված զարգացումներին, եռամսյակի վերջում 12-ամսյա գնաճի տեմպը էականորեն կրճատվել է` պայմանավորվելով ինչպես նախորդ տարվա գնաճի զարգացումներով, այնպես էլ տարեսկզբից իրականացվող դրամավարկային պայմանների աստիճանական խստացմամբ և մարտի վերջից արտարժույթի շուկայում կայունացման միտումների ձևավորմամբ: Մակրոտնտեսական իրավիճակի աստիճանական բարելավման արդյունքում՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգնմամբ և հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցմամբ, 2010 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է տ/տ 5.5% տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տ/տ 6.1% անկման փոխարեն: Ընդ որում, տնտեսական աշխուժացումը արդյունք է տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված աճի: Արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի՝ շուրջ տ/տ 6.1%, գյուղատնտեսության ճյուղում՝ տ/տ 3.1%, շինարարության ճյուղում՝ տ/տ 9.7%, իսկ ծառայությունների ոլորտում՝ տ/տ 5.1% աճ:
2010 թվականի առաջին եռամսյակում աշխատանքի շուկայում որոշակի բարձրացել է անվանական աշխատավարձը՝ պայմանավորված տնտեսական ակտիվացման հետևանքով մասնավոր հատվածում աշխատավարձի աճով, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորում ունեցող որոշ կազմակերպությունների աշխատավարձի աճով: Նկատվել է աշխատավարձի աճի տեմպերի դանդաղում նախորդ եռամսյակներում արձանագրված նույն ցուցանիշի համեմատ: Գործազրկության միջին եռամսյակային մակարդակը շարունակել է աճել` դեռևս չարձագանքելով տնտեսական ակտիվացմանը: Արդյունքում, առաջին եռամսյակում տնտեսությունում աճել է աշխատանքի արտադրողականությունը: Վերոնշյալ զարգացումների պայմաններում միավոր աշխատուժի ծախսերի էական փոփոխություններ չեն նկատվել, ուստի աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա չեզոք էր: 2010 թվականի առաջին եռամսյակում ներքին պահանջարկն աճել է` պայմանավորված պետական և մասնավոր հատվածներում ծախսերի աճով:
Առաջին եռամսյակում ներքին պահանջարկի աճը կազմել է շուրջ 4%: Պետական ծախսերն իրական արտահայտությամբ ավելացել են շուրջ 18%-ով` արտահայտելով պետական ներդրումային ծախսերի աճը: Համաշխարհային և ներքին տնտեսությունների վերականգնման պայմաններում 2.5%-ով աճել են նաև մասնավոր ծախսումները: Վերջիններիս կառուցվածքում մասնավոր սպառումն ավելացել է շուրջ 3%-ով, իսկ մասնավոր ներդրումների անկման տեմպն էականորեն բարելավվել է նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ և կազմել շուրջ 4%: Առաջին եռամսյակում մասնավոր ծախսումները զսպող ազդեցություն են ունեցել գնաճի վրա: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` մասնավոր հատվածի իրական ծախսումները 2-3%-ով ցածր էին բնական մակարդակից` սպառողական շուկայում առաջացնելով 0.6-0.9% գնանկումային ճնշումներ:
2010 թվականի առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը` պայմանավորված պետական բյուջեի եկամուտների գերակատարմամբ և ծախսերի տնտեսմամբ, համախառն պահանջարկի և գնաճի վրա ունեցել է կանխատեսվածից պակաս ընդլայնող ազդեցություն (մանրամասն տե՛ս Համախառն պահանջարկ հատվածում): Ըստ հարկաբյուջետային ազդակի գնահատված ցուցանիշի՝ այն կազմել է 6.8 տոկոսային կետ ընդլայնող. ընդ որում, եկամուտների ազդակը կազմել է 3.2 տոկոսային կետ, իսկ ծախսերինը` 3.6 տոկոսային կետ ընդլայնող: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների՝ առաջին եռամսյակում ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի ազդեցությունը գների վրա 1.1-1.4% գնաճային է եղել: 2010 թ. առաջին եռամսյակում համաշխարհային և ներքին տնտեսությունների վերականգնման տեմպերի արագացման պայմաններում ապրանքների արտահանման դրական շարժեր են արձանագրվել, ինչը գերազանցել է սպասումները: Ներքին տնտեսության վաղ վերականգնումն արտահայտվել է նաև ներմուծման աճով: Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության դրական զարգացումների արդյունքում արձանագրվել է տրանսֆերտների աճ: Ընթացիկ հաշվի պակասուրդը առաջին եռամսյակում ավելացել է տ/տ 101.5 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 349.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ վերջինիս կշիռը ՀՆԱ-ում կազմել է 23.6%:
Դրամավարկային քաղաքականության նախանշված ուղղությունների իրականացման և տնտեսության սեզոնային պասիվության ժամանակահատվածին բնորոշ փողի պահանջարկի անկման գործոնի ազդեցության արդյունքում տարեսկզբին դիտվել են փողի ագրեգատների եռամսյակային նվազումներ: Դրամային զանգվածը նվազել է 11.1%-ով` պայմանավորված շրջանառության մեջ գտնվող կանխիկի՝ 12.4% և դրամային ավանդների 8.8% նվազմամբ: Տնտեսությունում դեռևս շարունակվող դոլարայնացման բարձր տեմպերի արդյունքում արտարժութային ավանդները հիմնականում կրկնել են նախորդ երկու եռամսյակներում ցուցաբերած վարքագիծը՝ աճելով եռ/եռ 13%-ով: Փողի զանգվածի բաղադրատարրերի վերոնշյալ շարժերի արդյունքում այն նվազել է եռ/եռ 0.3%-ով: Առաջին եռամսյակում պահպանվել են տնտեսության վարկավորման աշխուժացման միտումները, որի պարագայում վարկավորման ծավալներն աճել են եռ/եռ 5.9%-ով, սակայն, ի տարբերություն նախորդ եռամսյակի, առավել արագ տեմպերով աճել են արտարժութային վարկերը:
Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացման պարագայում 2010 թ. առաջին եռամսյակում բանկային համակարգում նկատվել է ավելցուկային իրացվելիության մակարդակի նվազում, ինչի ազդեցությամբ էլ նկատվել է տոկոսադրույքների աճ ինչպես ռեպո գործառնությունների, այնպես էլ պետական արժեթղթերի երկրորդային շուկաներում:
Վերոնշյալ զարգացումներով էլ պայմանավորվել են գնաճի նպատակի իրագործման ընթացքը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները եռամսյակի ընթացքում: Ընդհանուր առմամբ, տնտեսության վերականգնման տեմպերի արագացման և գնաճային միջավայրի պահպանման պայմաններում ԿԲ-ն տարեսկզբից անցում է կատարել դրամավարկային պայմանների աստիճանական խստացման քաղաքականության` հիմնական շեշտադրումները տեղափոխելով գների կայունության ապահովման վրա: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բարձրացվել է 1.5 տոկոսային կետով (ամսական 0.5-ական տոկոսային կետով)` նպատակ ունենալով գնաճի զարգացումներին համահունչ աստիճանաբար ձևավորել դրական իրական տոկոսադրույքներ և կանխատեսվող հորիզոնում նվազեցնել գնաճի նպատակային թիրախից շեղումները: Զուգահեռաբար, ԿԲ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել փողի բազայի միտումները և իրացվելիության կառավարումը: Նախանշված ուղղություններին համապատասխան՝ դրամավարկային քաղաքականության իրականացման պայմաններում մարտից սկսել են արձանագրվել 12-ամսյա գնաճի տեմպերի նվազման միտումներ: