Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2010թ. 3-րդ եռամսյակ)

(2010/3) Համառոտագիր

2010 թվականի երրորդ եռամսյակի հիմնական մակրոտնտեսական զարգացումները բնորոշվեցին գնաճային միջավայրի ուժգնացմամբ, ինչպես նաև համաշխարհային և ներքին տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղմամբ: Բարձր գնաճային միջավայրի ձևավորումը հիմնականում պայմանավորվեց գյուղատնտեսության ճյուղի խորը անկմամբ և միջազգային շուկաներում պարենային ապրանքների` հատկապես ցորենի գնի կտրուկ աճով: Միաժամանակ, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, այդ թվում արտարժութային շուկայի զարգացումները, ինչպես նաև ներքին պահանջարկի դեռևս դանդաղ տեմպերով վերականգնումը շարունակել են որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Նկարագրված միջավայրի ներքո եռամսյակի ընթացքում արձանագրվել է 0.2 % գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 2.8 տոկոսային կետով, կազմել է 8.6%: Ընդ որում վերջինիս 3.3 տոկոսային կետը ձևավորվել է միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ և 1.5 տոկոսային կետը հացամթերք ապրանքախմբերում գների աճի արդյունքում:

Այս պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով շուրջ 4.9%: Պարենային ապրանքների գները եռամսյակի ընթացքում նվազել են 0.2%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին -0.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները մնացել են գրեթե անփոփոխ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 1.1%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին 0.3 տոկոսային կետ): Եթե վերջին տարիներին բանջարեղեն և կարտոֆիլ և միրգ ապրանքախմբերի գների փոփոխությունների նպաստումը եռամսյակի գնաճի ցուցանիշին կազմել է միջինը -2.6 տոկոսային կետ, ապա 2010 թվականի երրորդ եռամսյակում նշված ապրանքախմբերի նպաստումը կազմել է 0.1 տոկոսային կետ, այսինքն` 2.7 տոկոսային կետով ավելի, ինչն էլ հանգեցրել է եռամսյակի համար կանխատեսված ցուցանիշից փաստացի արձանագրված ցուցանիշի գրեթե նույն չափով շեղման:

2010 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը շարունակվել է, որի պարագայում արձանագրված տնտեսական աճը հունվար-սեպտեմբերին կազմել է ընդամենը տ/տ 2.8%: Ընդ որում, երկրորդ եռամսյակի նկատմամբ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը հիմնականում պայմանավորվել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով գյուղատնտեսությունում արձանգրված խորը անկմամբ: Այսպես, արդյունաբերության և ծառայությունների ճյուղում եռամսյակի ընթացքում արձանագրվել է ավելացված արժեքի համապատասխանաբար տ/տ 13.4% և 4.5% աճեր, մինչդեռ շինարարության և գյուղատնտեսության ճյուղում համապատասխանաբար տ/տ 1.2% և 19% նվազումներ: Չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը` երրորդ եռամսյակում նկատվել է աշխատանքի շուկայի ցուցանիշների բարելավում: Այսպես` պաշտոնապես գրանցված գործազրկության միջին եռամսյակային մակարդակը նվազել է` արտահայտելով աշխատուժի նկատմամբ պահանջարկի շարունակական ավելացումը: Աճել է նաև միջին անվանական աշխատավարձը` արտահայտելով մասնավոր հատվածում և բյուջետային ֆինանսավորում ունեցող որոշ կազմակերպություններում աշխատավարձերի աճը: Երրորդ  եռամսյակում անվանական աշխատավարձերի աճին զուգահեռ փոքր ինչ նվազել է աշխատանքի արտադրողականությունը` հանգեցնելով  միավոր աշխատուժի ծախսերի որոշակի աճի, որի արդյունքում տնտեսությունում առաջացել են թույլ գնաճային ճնշումներ:

2010 թվականի երրորդ եռամսյակում ներքին պահանջարկի  աճի տեմպը դանդաղել է  նախորդ եռամսյակների համեմատ և կազմել 1%` պայմանավորված տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և պետական ծախսումների կրճատմամբ: Ներքին պահանջարկի կազմում մասնավոր ծախսումներն աճել են մոտ 4%-ով, իսկ վերջինս կառուցվածքում  մասնավոր սպառումն աճել է շուրջ 1%-ով, մասնավոր ներդրումները 12%-ով: Երրորդ  եռամսյակում ևս մասնավոր ծախսումները շարունակել են զսպող ազդեցություն ունենալ գնաճի վրա: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` մասնավոր հատվածի իրական ծախսումները 1-2% ցածր են գտնվել հավասարակշիռ մակարդակից` սպառողական շուկայում առաջացնելով 0.4 - 0.6% գնանկումային ճնշումներ: 2010 թվականի երրորդ եռամսյակում շարունակվել է հարկաբյուջետային քաղաքականության  ընդլայնող ազդեցության նվազումը:

Այսպես, համախառն պահանջարկի և գնաճի վրա հարկաբյուջետային քաղաքականությունը, ըստ հարկաբյուջետային ազդակի գնահատված ցուցանիշի, ունեցել է կանխատեսվածից ավելի պակաս ընդլայնող ազդեցություն կազմելով 0.8 տոկոսային կետ:  Ընդ որում եկամուտների ազդակը կազմել է 2.6 տոկոսային կետ զսպող  իսկ ծախսերինը` 3.4 տոկոսային կետ ընդլայնող: Ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի` վերը նշված զարգացումների պայմաններում տնտեսությունում եռամսյակի ընթացքում նկատվել են թույլ գնաճային ճնշումներ, որոնք ըստ ՀՀ ԿԲ գնահատումների կազմել են  0.2-0.4%: 2010թ. երրորդ եռամսյակում համաշխարհային և ներքին տնտեսությունների աճի տեմպերի դանդաղման պայմաններում ընթացիկ հաշվի պակասուրդն արձանագրել է տ/տ որոշակի բարելավման միտումներ` պահպանվելով դեռևս բարձր մակարդակի վրա: Միաժամանակ երրորդ եռամսյակում հատկանշական է եղել  արտահանման և ներմուծման դոլարային աճի տեմպերի բավականաչափ նվազումը: Սա հիմնականում պայմանավորվել է ներքին տնտեսության զարգացումներով և մետաղների միջազգային գների տ/տ աճի տեմպերի նվազմամբ: Վերը նշված զարգացումներն առավելապես դրսևորվել են ներմուծման իրական ծավալների աճի տեմպերի նվազման վարքագծում: Ինչ վերաբերում է դրամական փոխանցումներին, ապա վերջիններիս տ/տ աճի տեմպերը նախորդ եռամսյակի դանդաղումից հետո վերականգնվել են: Արդյունքում` ընթացիկ հաշվի պակասուրդը երրորդ եռամսյակում նվազել է տ/տ 13.2 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 270.7 մլն ԱՄՆ դոլար: Վերոնշյալ զարգացումներով էլ պայմանավորվել են գնաճի նպատակի իրագործման ընթացքը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները եռամսյակի ընթացքում: Երրորդ եռամսյակում ԿԲ-ն առավելապես պահպանողական է գտնվել և ձեռնպահ մնացել դրամավարկային պայմանների խստացումից հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճի բարձր մակարդակը ձևավորվել է առավելապես առաջարկի շոկերի ազդեցությամբ, ինչպես նաև այն, որ կանխատեսվող 1 տարվա հորիզոնում սպասվում է գնաճի տեմպի աստիճանական նվազում և տարեսկբից դրամավարկային պայմանների խստացման ազդեցության դրսևորում:

Արդյունքում, անցած երեք ամիսների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` կազմելով 7.25%: Հաշվի առնելով տարվա առաջին կեսին ձևավորված փաստացի միջավայրը և իրականացվելիք ապադոլարացման միջոցառումները, դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրով նախատեսվում էին փողի ագրեգատների զուսպ աճեր և արտարժութային ավանդների համեմատ դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպեր: Երրորդ եռամսյակում ակնկալիքներն հիմնականում արդարացել են այն առումով, որ դրամավարկային միջավայրն աչքի է ընկել դոլարայնացման աստիճանի նվազմամբ` 4.1%-ով: Դա արտահայտվել է արտարժութային ավանդների 1.2% նվազմամբ (բացառելով փոխարժեքի փոփոխությունը` ընդամենը 0.5%-ի աճ) և դրամային ավանդների 12.9% աճով: Միևնույն ժամանակ, եռամսյակի ընթացքում շարունակել են արագ տեմպերով աճել արտարժութային վարկերը 10.3%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 12.1%-ով), որի հիմնական աղբյուր են մնում արտարժութային թղթակցային հաշիվների ավելցուկային միջոցները: Եռամսյակի ընթացքում դրամով վարկավորումն աճել է ընդամենը 2.4%-ով, ինչի արդյունքում տնտեսության վարկավորման ծավալների աճը կազմել է 6.5%, իսկ տ/տ 22.4%: