Գնաճը Հայաստանի Հանրապետությունում 2005թ. 1-ին կիսամյակ

(2005/1) Ամփոփագիր

2005 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական իրավիճակի կանխատեսումները հիմնված էին առավելապես վերջին տարիների միտումների և 2004 թվականին արձանագրված առանձնահատկությունների պահպանման ենթադրությունների վրա: Փաստացի արդյունքներով մակրոտնտեսական զարգացումներն ունեցել են առավել բարենպաստ միտումներ, քան կանխատեսվել էր: Նախ, տնտեսական աճը գերազանցել է և՛ նախորդ տարվա 9.1%, և՛ դրամավարկային ծրագրով կանխատեսված 7.4% ցուցանիշները՝ կազմելով 10.2%: Ընդ որում, տնտեսական աճի բարձր ցուցանիշի արձանագրմանը առավելապես նպաստել են համախառն թողարկման կառուցվածքում շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերում գրանցված աճի բարձր տեմպերը: Արդյունքում, թեև մասնավոր հատվածի ծախսումների և զուտ արտաքին պահանջարկի աճի տեմպերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, այնուհանդերձ արձանագրվել է սպառողական գների` 12-ամսյա կտրվածքով գնանկում՝ 1%:

Մասնավոր հատվածի ծախսումներում իրական սպառման և ներդրումների աճի տեմպերը՝ 7.3% և 17.8%, հիմնականում պայմանավորվել են ինչպես նախորդ տարիների եկամուտների անընդհատ աճով, այնպես էլ 2004 թվականին սկսված և դեռևս շարունակվող մասնավոր տրանսֆերտների աճի աննախադեպ բարձր տեմպերով: Վերջիններս իրենց ազդեցությունն են ունեցել վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի ձևավորման գործընթացում: Մի կողմից` մասնավոր հատվածի ծախսումները նպաստել են ներմուծման և առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճին, մյուս կողմից՝ տրանսֆերտների աճը, ֆինանսավորելով այդ ծախսումների մի մասը, նպաստել է ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը: Արդյունքում, թեև արտահանումը նույնպես ունեցել է աճի բարձր տեմպ, այնուհանդերձ առևտրային հաշվեկշռի պակասուրդն աճել է, սակայն ՀՆԱ-ում տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2.0 տոկոսային կետով: Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազել է և՛ բացարձակ մեծությամբ, և՛ ՀՆԱ-ում տեսակարար կշռով (4.1տոկոսային կետով): 2005 թվականի առաջին կիսամյակում հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, փոքր-ինչ ընդլայնողական էր: Այնուհանդերձ հարկ է նշել, որ դա էապես շեղվել է եռամսյակային համամասնություններով հաստատված ծրագրից, որի հիման վրա իրականացվել էին դրամավարկային ցուցանիշների կանխատեսումները: Մասնավորապես, եկամուտների հավաքագրման մասով արձանագրվել է գերակատարում մոտ 3%-ով, իսկ ծախսերը թերակատարվել են մոտ 18%-ով:

Դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքն առանձնացել է երկու կարևորագույն գործոնների ազդեցությամբ: Նախկինում մշտապես արտարժույթի նկատմամբ պահանջարկը գերազանցում էր առաջարկին. տարվա սկզբից նկատվել է հակառակ միտումը՝ մասնավոր տրանսֆերտների աճի բարձր տեմպերը հանգեցրել են արտարժույթի՝ առաջարկի գերազանցմանը պահանջարկին, և շարունակվել է դրամի փոխարժեքի արժևորման միտումը: Մյուս կողմից՝ երկրորդ եռամսյակից նկատվել է արտարժութային խնայողությունները և ընթացիկ արտարժութային եկամուտները դրամով փոխարինման երևույթ՝ պայմանավորված ինչպես դրամի շարունակական արժևորմամբ, այնպես էլ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքում ամրագրված դրույթներով: Մասնավորապես, ՀՀ տարածքում միայն դրամով գնանշման պահանջը պատճառ դարձավ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացում դրամի շրջանառության ծավալների էական ընդլայնմանը և դրամի նկատմամբ պահանջարկի բարձր աճին: Զարգացումների այս սցենարը ՀՀ ԿԲ-ն կանխատեսել էր դրամավարկային քաղաքականության ծրագիրը մշակելիս և այնտեղ ամրագրել դրույթ, ըստ որի ապադոլարայնացման գործընթացի արձանագրման պարագայում դրամական ագրեգատները կկառավարվեն ծրագրայինից բարձր մակարդակում՝ ի հաշիվ արտարժույթի գնման գործառնությունների, հետագայում ծրագրի վերանայման պայմանով:

Ծրագրում նշված այս դրույթը կիրառվել է կիսամյակի ընթացքում, և ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է արտարժույթի գնման գործառնություններ՝ պայմանավորված ապադոլարայնացման գործընթացով՝ բավարարելով դրամի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում, դրամական ագրեգատները գերազանցել են ծրագրային մակարդակները, և փողի բազայի 12-ամսյա աճը կազմել է 41.9%: Բացի վերը նշվածից՝ առաջին կիսամյակում փոփոխություններ են իրականացվել ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքակազմում: Նախ՝ արտարժութային մեծածավալ ներհոսքի չեզոքացման նպատակով պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 6%-ից բարձրացվել է 8%՝ միաժամանակ պահանջելով արտարժութային ներգրաված միջոցների փոխարեն պահուստավորումն իրականացնել արտարժույթով՝ նախկինում միայն դրամով պահուստավորման պահանջի փոխարեն: Հաջորդը, ՀՀ ԿԲ կողմից սեփական արժեթղթերի թողարկման գործընթացն էր, որը նպատակաուղղված էր արտարժույթի գնման գործառնությունների հետևանքով ներարկված դրամային իրացվելիության չեզոքացմանը: