Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2020թ. 1-ին եռ. - 2020թ. 4-րդ եռ.)
(2020/4) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2020 թ. 1-ին եռ. - 2020 թ. 4-րդ եռ.)
2020 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարած դրամավարկային քաղաքականությունն ուղղված է եղել կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճի 4% թիրախային մակարդակի ապահովմանը: Տարվա ընթացքում պահպանվել է ցածր գնաճային միջավայր՝ հիմնականում պայմանավորված առկա թույլ պահանջարկով, ինչին էականորեն նպաստել են տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի, իսկ սեպտեմբերի 27-ից՝ երկրում հայտարարված ռազմական դրության առողջապահական և տնտեսական հետևանքները: Դրանք արտահայտվել են թե՛ տնտեսական ակտիվության անկմամբ և թե՛ համախառն պահանջարկի էական թուլացմամբ: Նման իրավիճակում Կառավարությունն իրականացրել է սոցիալական և տնտեսական օժանդակությանն ուղղված զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Սակայն, համավարակի և ռազմական դրության հետևանքով կուտակված մեծ անորոշության պայմաններում հասարակությունը դրսևորել է սպառման և ներդրումների նախազգուշական վարքագիծ, ինչը, չնայած հարկաբյուջետային խթանմանը, հանգեցրել է ներքին թույլ պահանջարկի և գնաճային ցածր միջավայրի ձևավորմանը:
2020 թվականին, 12-ամսյա գնաճն իր թիրախային մակարդակին մոտեցնելու նպատակով, ՀՀ ԿԲ-ն շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այսպես, հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ավելացվել է խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով: Դեկտեմբերին, երբ արտաքին հատվածից սպասվող գնաճային ազդեցությունների և արժութային շուկայում դրամի արժեզրկման դրսևորումների պայմաններում կանխատեսվում էր գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացում, ԿԲ-ն մեծ քայլով՝ 1.0 տոկոսային կետով բարձրացրել է տոկոսադրույքը և սահմանել 5.25%: Արդյունքում, 12-ամսյա գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար, իսկ տարեվերջին մեծ չափով ավելացել է՝ դեկտեմբերին հասնելով նպատակային ցուցանիշին բավականին մոտ՝ 3.7% մակարդակի: