Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (4-րդ եռ. 2019թ. - 3-րդ եռ. 2020թ.)

(2020/3) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն

(2019 թ․4-րդ եռ. - 2020 թ. 3-րդ եռ.)

2020 թվականի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես  պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով: Այսպես, 2019թ. չորրորդ և 2020թ. առաջին եռամսյակների ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն և արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ: Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի կառուցվածքային տեղաշարժը: Այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ` հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։

2020թ. երկրորդ և երրորդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ` հիմնականում ածանցվելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից: Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում ի հաշիվ տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման: Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և  գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ 1.25 տոկոսային կետով. 2020թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այն կազմում է 4.25%: