Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2019թ. 3-րդ եռ. - 2020թ. 2-րդ եռ.)
(2020/2) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2019 թ․3-րդ եռ. - 2020 թ. 2-րդ եռ.)
2020 թվականի 3-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայր: Այն հիմնականում պայմանավորվել է թե՛ ձևավորված թույլ պահանջարկով և թե՛ առաջարկի գործոններով: Այսպես, 2019թ. երկրորդ կիսամյակում Կառավարության կողմից իրականացվել է սպասվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն և արտաքին աշխարհից փոխանցվել են գնանկումային ազդեցություններ, ինչը մասամբ մեղմվել է մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճով։ Տարվա երկրորդ կեսին ցածր գնաճի ձևավորմանը նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային դաշտի փոփոխությունների և պահանջարկի` կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա կառուցվածքային տեղաշարժի ազդեցությունները:
2020թ. սկզբից Նոր կորոնավիրուսի համավարակի բռնկումն ու աշխարհում դրա արագ տեմպերով տարածումը համախառն պահանջարկի թուլացման և գնանկումային դրսևորումների աննախադեպ մեծ ալիք բարձրացրին: Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու նպատակով ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային քաղաքականություն խթանման չափը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով, որից 0.75 տոկոսային կետը՝ միայն 2020թ-ի երկրորդ եռամսյակում: