Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2019թ. 2-րդ եռ. - 2020թ. 1-ին եռ.)
(2020/1) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2019 թ․2-րդ եռ. - 2020 թ. 1-ին եռ.)
2020 թվականի 2-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայր: Այն հիմնականում պայմանավորվել է Կառավարության կողմից իրականացրած՝ սպասվածից ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և արտաքին աշխարհից փոխանցված գնանկումային ազդեցություններով: 2019 թ. ընթացքում դրանց գումարվեցին որոշ կառուցվածքային գործոններ, ինչպիսիք էին ապրանքային շուկայում մրցակցության աճը և պահանջարկի տեղաշարժը կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա:
2020 թ. մարտին առանձին ապրանքատեսակների գների վրա դրսևորվեց նաև Նոր կորոնավիրուսի համավարակի բռնկման ու դրա տարածման դեմ ձեռնարկված միջոցառումների ազդեցությունը: Այս իրադրությունում ԿԲ-ն նշված ժամանակահատվածում շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ 2019 թ. սեպտեմբերին և 2020 թ. մարտին անգամ ավելացնելով խթանման չափը 0.25-ական տոկոսային կետով, գնաճի նպատակային ցուցանիշին կանխատեսվող 3 տարվա հորիզոնում հասնելու համար: