Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2021թ. 1-ին եռ. - 2021թ. 4-րդ եռ.)

(2021/4) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը

(2021թ. 1-ին եռ. - 2021թ. 4-րդ եռ.) 

Հաշվետու ժամանակահատվածն ուղեկց­վում էր համավա­րակի նոր ալիքների բռնկմամբ և արագ տեմ­պերով տարածմամբ, որին զուգահեռ աշխարհում լայնա­մասշտաբ կիրառվում էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը: Այս պայման­ներում համաշխարհային տնտեսությունն ու առողջապահական համակարգը շա­րունակում էին բախվել նոր խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև պահ­պանվում էին տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունները: Այդուհանդերձ, պատվաստում­ների ակտիվ գործընթացի և հիմնականում տնտե­սական խիստ սահմանափակում­ներից խուսափելու պարագայում համավարակի հաջորդական ալիքների ազդե­ցությունը համաշխարհային տնտեսության վրա եղել է թույլ: Արդյունքում, հաշվե­տու ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ տեմպե­րով վերականգնում: Վերջինս, ար­տադրաշղթաների խաթարման պայմաններում, զգալիորեն գերազանցել է առա­ջարկի ավելացման տեմպերը: Նշված գործոնների հետևանքով միջազգային ապ­րանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում զգալիորեն ընդլայնվել է գնաճային միջավայրը, որն իր համարժեք ազդեցությունն է փոխանցել ՀՀ ապրանքային շուկայի գներին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և առաջնորդվելով գների կայունության նպա­տակի ապահովման սկզբունքով՝ հաշվետու ժամանակահատ­վածում ԿԲ-ն աստի­ճանաբար բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ չեզոքացնելով դրամավարկային խթանող դիրքը: 2021 թ. ընթացքում քաղաքականության տոկո­սադրույքը բարձրացվել է ընդհանուր հաշվով 2.5 տոկոսային կետով՝ տարին ամփո­փելով 7.75%-ով: Արդյուն­քում, թեև 12-ամսյա գնաճը 2021 թ. ընթացքում ավելացել է՝ 2020 թ. վերջի 3.7%-ից 2021 թ. վերջին հասնելով 7.7%-ի, սակայն կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում այն կնվազի և կխարսխվի նպատա­կային 4% ցուցանիշի շուրջ: