Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2020թ. 4-րդ եռ. - 2021թ. 3-րդ եռ.)
(2021/3) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը
(2020 թ. 4-րդ եռ. - 2021 թ. 3-րդ եռ.)
Հաշվետու՝ 2020 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի չորրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ողջ աշխարհում շարունակվող համավարակի և պարբերաբար բռնկվող նոր ալիքների հետևանքով պահպանվել են համաշխարհային տնտեսության և առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունները: Այդուհանդերձ, 2021թ-ի սկզբից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնածավալ կիրառման և հիմնականում տնտեսական խիստ սահմանափակումներից խուսափելու արդյունքում դիտվել է համաշխարհային տնտեսության ու արտաքին պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Վերջինիս ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է: Նմանատիպ միտումներ են դրսևորվել նաև Հայաստանում, ինչի պարագայում թե՛ տնտեսական աճի և թե՛ գնաճի փաստացի ցուցանիշները առավելապես գերազանցել են կանխատեսումները: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին հատվածից փոխանցված ավելի գնաճային ազդեցության, ՀՀ տնտեսությունում դրսևորված մի շարք առաջարկի ու պահանջարկի գործոնների և ՀՀ արժութային շուկայում դրամի արժեզրկման պայմաններում 12-ամսյա գնաճը ցուցաբերել է աճողական վարքագիծ՝ 2020թ-ի սեպտեմբերի 1.4%-ից 2021թ-ի սեպտեմբերին հասնելով 8.9%-ի։ Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող և ՀՀ տնտեսությունում դրսևորվող գնաճային ազդեցություններն ու դրան զուգահեռ գնաճային սպասումների ավելացումը, հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ը, աստիճանաբար չեզոքացնելով խթանող դիրքը, ընդհանուր հաշվով 3.0 տոկոսային կետով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սեպտեմբերի դրությամբ այն հասցնելով 7.25%-ի: