Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2020թ. 3-րդ եռ. - 2021թ. 2-րդ եռ.)

(2021/2) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը

(2020 թ. 3-րդ եռ. - 2021 թ. 2-րդ եռ.)

Հաշվետու ժամանակահատվածի՝ 2020 թվականի երրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածի ընթացքում համաշխարհային և, մասնավորապես՝ ՀՀ առողջապահական համակարգն ու տնտեսությունը շարունակել են բախվել մի շարք լուրջ մարտահրավերների: 2020թ-ի երկրորդ կեսին Արցախում սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով երկրում հայտարարված ռազմական դրությունը, համավարակի արագ տարածման նոր ալիքի բռնկումը և դրանցից ածանցվող տնտեսաքաղաքական անորոշությունները Հայաստանին կանգնեցրին առողջապահական, սոցիալական և տնտեսական խնդիրների առաջ: Դրանք արտահայտվել են տնտեսական ակտիվության զգալի անկմամբ, համախառն պահանջարկի էական թուլացմամբ և գնաճային ցածր միջավայրի ձևավորմամբ: ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկն այս զարգացումներին արձագանքել են խթանող քաղաքականությունների իրականացմամբ՝ նպատակաուղղված համապատասխանաբար տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնմանը և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճի 4% թիրախային մակարդակի ապահովմանը: Այսպես, հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում Կենտրոնական բանկը շարունակել է ավելացնել խթանման չափը՝ սեպտեմբերին իջեցնելով վերաֆինանսա­վորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Տարեվերջից արդեն պատկերն այլ էր, երբ 2021թ-ի սկզբից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնածավալ կիրառման և դրա արդյունքում համաշխարհային տնտեսության ու արտաքին պահանջարկի վերականգնման դրական սպասումների ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է:

2020թ-ի դեկտեմբերից 2021թ-ի հունիս ընկած ժամանակահատվածում, հաշվի առնելով արտաքին հատվածից սպասվող ավելի գնաճային ազդեցությունների, ՀՀ տնտեսությունում դրսևորված մի շարք առաջարկի ու պահանջարկի գործոնների և ՀՀ արժութային շուկայում դրամի արժեզրկման պայմաններում կանխատեսվող գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ԿԲ-ն համեմատաբար մեծ քայլերով և ընդհանուր հաշվով 2.25 տոկոսային կետով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ հունիսի դրությամբ այն հասցնելով 6.5%-ի: Ընդ որում, նման բարձրացման պարագայում անգամ դեռևս դրամավարկային դիրքը պահպանվել է խթանող: Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ գործոնների ազդեցությամբ 12-ամսյա գնաճը ցուցաբերել է աճողական վարքագիծ՝ 2020թ-ի հունիսի 1.7%-ից 2021թ-ի հունիսին հասնելով 6.5%-ի։