Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2020թ. 2-րդ եռ. - 2021թ. 1-ին եռ.)

(2021/1) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը

(2020 թ. 2-րդ եռ. - 2021 թ. 1-ին եռ.)

Հաշվետու ժամանակահատվածն ընդգրկում է 2020 թվականի ապրիլից 2021 թվականի մարտն ընկած մեկ տարին, որը ծանր շրջան էր թե՛ ամբողջ աշխարհի և թե՛ Հայաստանի առողջապահական համակարգի և տնտեսության համար: 2019թ-ի վերջին աշխարհում բռնկված Նոր կորոնա­վիրուսի (COVID-19) համավարակը, որին ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ավելացան Արցախում ռազմական գործողությունների պարագայում երկրում հայտարարված ռազմական դրությունն ու դրանից ածանցվող տնտեսաքաղաքական անորոշությունները, աշխարհին և մասնավորապես Հայաստանին կանգնեցրին առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ: ՀՀ-ում դրանք արտահայտվել են տնտեսական ակտիվության զգալի անկմամբ և համախառն պահանջարկի էական թուլացմամբ, ինչպես նաև նման պայմաններում գնաճային ցածր միջավայրի ձևավորմամբ: Ստեղծված իրավիճակում Կառավարու­թյունն իրականացրել է սոցիալական և տնտեսական օժանդակությանն ուղղված զգա­լի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ Կենտրոնական բանկը վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն՝ նպատակաուղղված կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճի 4% թիրախային մակարդակի ապահովմանը: Այսպես, ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում Կենտրոնական բանկն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսա­վորման տոկոսադրույքն ընդհանուր հաշվով 1.0 տոկոսային կետով: Դեկտեմբերից արդեն, երբ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական սպասումների ներքո արտաքին հատվածից ակնկալվող գնաճային ազդեցությունների և արժութային շուկայում դրամի արժեզրկման դրսևորումների պայմաններում կանխատեսվում էր գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացում, ԿԲ-ն դեկտեմբերին մեծ քայլով՝ 1.0 տոկոսային կետով և 2021թ. փետրվարին 0.25 տոկոսային կետով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Ընդ որում, նման բարձրացման պարագայում անգամ դեռևս պահպանվել է դրամավարկային խթանող դիրքը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը հաշվետու ժամանակահատվածում աստիճանաբար, իսկ տարեվերջից առաջարկի գործոններով պայմանավորված ավելի արագ տեմպերով ավելացել և 2021թ-ի մարտին կազմել է 5.8%՝ գերազանցելով նպատակային 4% ցուցանիշը։