Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2021թ. 4-րդ եռ. - 2022թ. 3-րդ եռ.)​​

(2022/3)Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը

(2021թ. 4-րդ եռ. - 2022թ. 3-րդ եռ.)​​

2021 թվականի 4-րդ եռամսյակից 2022 թվականի 3-րդ եռամսյակն ընկած ժա­մանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: Դրան նպաստել են ինչպես արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցութ­յունները, այնպես էլ ՀՀ տնտեսությունում պահանջարկի էական աճը: 2021 թ. վեր­ջից համաշխարհային տնտեսության վրա համավարակի զգալիորեն թուլացող ազդեցության արդյունքում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Սակայն համաշխարհային պահանջարկի նման աճը, արժեշղթաների դեռևս պահպանվող խաթարումների պարագայում, ուղեկցվել է արտաքին գնաճային միջավայրի զգա­լի ընդլայնմամբ, ինչը ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրան­քային շուկայի գներին է փոխանցել գնաճային զգալի ազդեցություն: Այնուամե­նայնիվ, վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքում 2021 թ. վերջից գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է, և 12-ամսյա գնաճը 2021 թ. սեպտեմբերի 8.9%-ից 2022 թ. փետրվարին հասել է 6.5%-ի: Փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատ­ժամիջոցների կիրառման պայմաններում, թե՛ միջազգային ապրանքահումքային շուկաներում և թե՛ ՀՀ տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ՝ արտահայտվելով նաև պահանջարկի միջավայրի զգալի ընդլայնմամբ: Դրանց ազդեցությամբ 2021 թ. երկրորդ և երրորդ եռամսյակներում դիտվել է 12-ամսյա գնաճի որոշակի ավելացում՝ սեպտեմբերին կազմելով 9.9%:

Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվա­ծում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքա­կանություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առ­մամբ, 2.75 տոկոսային կետով: Ընդ որում, խստացման մոտ կեսը՝ 1.25 տոկոսային կետը, կատարվել է 2022 թ. մարտին՝ արձագանքելով փետրվարի վերջից աննա­խադեպ անորոշությունների պարագայում ձևավորված բարձր գնաճային իրավի­ճակին: Դրամավարկային քաղաքականության նկարագրված գործողությունների արդյունքում կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատա­կային 4% ցուցանիշի շուրջ: